Բաժիններ՝

15 ֆիլմ, որ առաջարկում են դիտել 168.am-ի ընկերները. Ամփոփում

Ամռանը 168.am-ը նախաձեռնեց «10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել…» շարքը: 25 դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ 7 ամիսների ընթացքում ամեն շաբաթ իրենց նախընտրած ֆիլմերով կիսվում էին մեր ընթերցողների հետ: Դրամա, հոգեբանական թրիլերներ, կատակերգություն, մելոդրամա… Որքան նոր ֆիլմեր, պատմություններ ու զգացողություններ բացահայտեցինք և ստացանք այդ բազում ֆիլմերի շարքերից «մերոնց» գտնելու հնարավորությունը: Եվ եթե այդ ամենն արված է, ուրեմն եկել է ամփոփման ժամանակը: Շորհակալություն հայտնելով կինեմատոգրաֆիական մեր ընթերցողին, ինչպես նաև հին ու նոր ընկերներին՝ 168.am-ը ներկայացնում է ֆիլմեր առաջարկելու գործընթացին միացած բոլոր մասնակիցների կողմից ամենաշատ հիշատակված ֆիլմերը՝ այդ կերպ ազդարարելով շարքի ավարտը:

«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest) 

1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:

ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo») 

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:

Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի), և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie) 

Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գիշեր» (La Notte) 

Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1961 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսները գրող Ջիովաննին (Մարչելո Մաստրոյանի) և նրա կինը՝ Լիդիան (Ժաննա Մորո) են: Ստեղծագործական ճգնաժամ… Զգացմունքների մայրամուտ… Սովորությունների մթնշաղ… Հիվանդանոց, «գիշերվա» մեջ ընկղմված մտերիմ ընկեր… Լույսի անիմաստ որոնումներ. հիշողությունների մթություն, գիշերային ռեստորան, հարուստ երեկույթ: Երիտասարդ Վալենտինան (Մոնիկա Վիտտի)՝ հոգում իր փոքրիկ «գիշերով»: Հուսահատության, հայտնությունների, անկեղծության «հեղեղ»…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Լավագույն առաջարկությունը» (La migliore offerta) 

Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի մելոդրամայի գլխավոր հերոսը տարեց աճուրդավար, գեղանկարների կոլեկցիոներ, հավերժ միայնակ Վերգիլիոս Օլդմանն է (Ջեֆրի Ռաշ): Վերջինս Կլեր անունով մի առեղծվածային հաճախորդից ստանում է հնաոճ իրերի գնահատման պատվեր: Կլերը հիվանդ է ագորաֆոբիայով և վերջին տասներկու տարիների ընթացքում իր պալատից երբեք դուրս չի եկել:

Աշխատելով աղջկա տանը, Օլդմանը ոչ միայն բացահայտում է ամենուր սփռված հնաոճ իրերի գաղտնիքը, այլ նաև աստիճաբանար սիրահարվում է տանտիրուհուն:

Աղջկա սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների՝ երիտասարդ ինժեներ և կանանց փորձագետ Ռոբերտի (Ջիմ Սթարջես) և ձախողված նկարիչ Բիլլիի (Դոնալդ Սազերլենդ) խորհուրդները:

Շուտով, սակայն, Վերգիլիոսը ստիպված է վերանայել իր արժեքները և թարմ հայացք նետել իր կյանքի վրա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (The Grand Budapest Hotel) 

Ուես Անդերսոնի ֆիլմը պատմում է լեգենդար մսյե Գուստավի (Ռեյֆ Ֆայնս) և նրա երիտասարդ ընկեր՝ միջանցքային սպասավոր Մուստաֆա Զերոյի (Թոնի Ռվոլորի) հետաքրքրաշարժ արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցներն ականատեսն են դառնում գողության, Վերածննդի դարաշրջանի անգին կտավի որոնումների, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքարի, ինչպես նաև… XX դարի երկու արյունալի պատերազմների ընթացքում Եվրոպայի դրամատիկ փոփոխությունների:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Խավարում պարողը» (Dancer in the Dark) 

Դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լարս ֆոն Թրիերի երաժշտական ֆիլմ-դրաման ռեժիսորի «Ոսկե սիրտ» տրիլոգիայի երրորդ ֆիլմն է («Ճեղքելով ալիքները» – «Ապուշները» – «Խավարում պարողը»)։

Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլավիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, ով շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է թրեյլերում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Շինդլերի ցուցակը» (Schindler’s List) 

Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Ծովը՝ ներսում» (Mar adentro) 

2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի (Խավիեր Բարդեմ) կյանքի վերջին երկու տարիների մասին, ով մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։ Ռամոնն ամբողջությամբ կաթվածահար էր՝ անընդհատ մահճակալի վրա պառկած:

Ֆիլմում ներկայացվում են նաև նրա և երկու կանանց միջև հարաբերությունները: Խուլիան (Բելեն Ռուեդա) նրա փաստաբանն է, իսկ Ռոզան (Լոլա Դուենյաս)՝ ընկերուհին, ով փորձում է համոզել Ռամոնին, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Ռամոնը, չնայած մահանալու ցանկությանը, իր ընկերներին և հարազատներին բացահայտում է կյանքի իմաստն ու արժեքները: Նա ինքը չի կարող շարժվել, բայց կարող է յուրաքանչյուրին ստիպել փոխել իր կյանքի ընթացքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերադարձ» (Возвращение) 

«Վերադարձ» գեղարվեստական ֆիլմը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Երկու եղբայրների կյանքում պատահաբար հայտնվում է հայր (Կոնստանտին Լավրոնենկո), ով ծանոթ է նրանց միայն լուսանկարից: Տարօրինակ, իրենց համար խորթ մարդու հայտնվելը փոխում է տղաների կյանքը. հայրը որդիներին հեռացնում է իրենց հարազատ հանգիստ քաղաքից և բերում է ամայի կղզի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption) 

Ամերիկացի սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրի գրող Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» (Rita Hayworth and Shawshank Redemption) պատմվածքի հիման վրա ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանված ամերիկյան կուլտային դրամայի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն (Թիմ Ռոբինս) է, ով մեղադրվում է իր կնոջը և նրա սիրեկանի սպանության մեջ: Հայտնվելով Շոուշենկ կոչվող բանտում՝ նա բախվում է ճաղերի հակառակ կողմում տիրող դաժանության և անօրինականության հետ: Յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ պատերի ներսում, մինչև կյանքի վերջը դառնում է դրանց ստրուկը: Բայց Էնդին՝ զինված կենդանի մտքով ու բարի սրտով, հրաժարվում է համակերպվել ճակատագրի վճռի հետ և սկսում է անհավանական հստակ ծրագիր մշակել իր փախուստի համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Դոգվիլ» (Dogville) 

2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930 ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։

Քաղաքն ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի, այսպես կոչված, անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գահերի խաղ» (Game of Thrones) 

«Գահերի խաղ» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի հիմքում ընկած է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարը։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։

Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջինը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքն Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» (կոր.՝ 봄여름가을겨울 그리고 봄) 

Կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։

Վանականը, թեև իմաստուն լինելով, ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կնքահայրը» (The Godfather) 

Առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Դերասան, որով չի կարելի չհիանալ: Ֆիլմ, որը չի կարելի չդիտել: Կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմը, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա, ներկայացնում է Կոռլեոնե մաֆիոզ ընտանիքի պատմությունը:

Ընտանիքի գլուխը՝ Դոն Վիտո Կոռլեոնեն (Մարլոն Բրանդո), ամուսնացնում է իր դստերը: Այդ ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնում է Դոն Կոռլեոնեի սիրելի որդին՝ Մայքլը (Ալ Պաչինո): Վերջինս՝ պատերազմի հերոսը, ընտանիքի հպարտությունը, չի ցանկանում զբաղվել ընտանեկան դաժան բիզնեսով: Դոն Կոռլեոնեն բիզնեսը վարում է հին կանոնների համաձայն, բայց այլ ժամանակներ են գալիս, և հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել սահմանված կարգը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս