«ՀԱՊԿ-ի հայտարարությունը կարող էր վաղուց լինել, եթե չլինեին տարաձայնությունները». Տարասով
«Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը բարձրացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Մինսկում ընթացքող ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարություն է ընդունվել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն աջակցություն են հայտնում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին և միջազգային իրավունքի երեք սկզբունքներին:
Տարասովը նշեց, որ բազմիցս է ասել, որ ՀԱՊԿ-ը չունի պարտավորություններ Ղարաբաղի առջև, քանի որ Ղարաբաղը կազմակերպության անդամ չէ, ի տարբերություն Հայաստանի, ուստի նման հայտարարություն կարող էր լինել շատ ավելի վաղուց, քանի որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայաստանյան դիրքերի ուղղությամբ, ինչն ուղղակիորեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն վերաբերող հարց է: Նրա խոսքով, շատ են եղել առիթները, երբ ՀԱՊԿ արձագանքն անհրաժեշտություն է եղել:
«Այդ արձագանքը չի եղել Բելառուսի պատճառով: Հիշեք Լապշինի դեպքը, Բելառուսի հետ Ռուսաստանը տևական ժամանակ աշխատում էր արդյունքի հասնելու համար, սակայն Բելառուսը կարևորեց Ադրբեջանին՝ հեղինակազրկելով ռուս-բելառուսական հարաբերությունները՝ հանուն Ադրբեջանի: Ռուսաստանին անհրաժեշտ էր, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի՝ որպես միասնական կառույց, սակայն Ռուսաստանի այդ հորդորները ևս անտեսվում էին:
Բայց ներկայումս իրավիճակ է փոխվել՝ ՀԱՊԿ-ը այս խնդիրների պատճառով հեղինակազրկված վիճակում է, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, դրանով իսկ ավելի կարևորվել եվրասիական և եվրոպական գործընկերների համար, Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորությունն ու արժեքը բարձրանում է, Հայաստանը հետաքրքիր կետ է դառնում Կովկասում գերտերությունների ներկայությունը հասկանալու համար, Ադրբեջանը սկսել է չհարգել նաև ռուսական ջանքերը Ղարաբաղում, խոսքը, մասնավորապես, անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպված հանդիպման մասին է, որի ընթացքում քննարկվել էին ավելի վաղ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ադրբեջանը փորձում է անել ամեն բան դրանք օրակարգից դուրս բերելու համար, սակայն դրանք կրկին հայտնվել են օրակարգում»,- ասաց Տարասովը: Այն, թե որքանով տևական կլինի ՀԱՊԿ-ի այս քաղաքականությունը, ըստ Տարասովի, կախված կլինի Ռուսաստանի և գործընկերների հարաբերություններից, գործընկերների և Ադրբեջանի հարաբերություններից:
«Ամեն դեպքում սա որոշ ժամանակով զսպող դերակատարություն կունենա Ադրբեջանի համար, քանի որ սա Հայաստանի նախագահության ջանքերի հաղթանակն է: Ադրբեջանի քաղաքականությունը բոլոր հարթակներում է տապալվում, և սա ևս բացառություն չէր»,- ասաց Տարասովը: