Չի բացառվում, որ սահմանափակումների վերացման դեպքում Հայաստանին կրկին առաջարկվի ասոցիացում
Նոյեմբերի 24-ին ԵՄ մայրաքաղաքը համարվող Բրյուսելում անցկացվող «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի իրադարձությունը դարձավ երկար սպասված ու քննարկված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Փաստաթղթի վավերացման գործընթացը, ինչպես ստորագրման արարողության ժամանակ նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, լինելու է ԵՄ-ի մոնիտորինգի և վերահսկողության տակ:
«Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց Մոգերինին:
Նա հավելեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մոգերինին ավելացրեց, որ այժմ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում:
Իր հերթին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշում է, որ Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի: ԵՄ դեսպանի խոսքով` Հայաստանը թևակոխում է նոր ժամանակաշրջան, որտեղ բոլոր օրենսդրական, դատական բարեփոխումները գործնականում կստուգվեն և կփորձարկվեն:
«Մենք զգալու ենք Հայաստանում որակական փոփոխություններն այդ ոլորտներում: Եվրամիությունը մեծ աջակցություն է տեսնում ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հարցում: Բոլոր շահագրգիռ անձինք, ՀՀ կառավարությունը, հասարակությունը կկարողանան նաև ականատես դառնալ կոռուպցիայի դեմ պայքարում նոր որակական փոփոխությունների»,- նշել է Սվիտալսկին նախօրեին անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ:
«168 Ժամի» հետ զրույցում Եվրախորհրդարանի փոխանախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին շնորհավորեց Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ:
«Այս համաձայնագրով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը մի քանի աստիճանով բարձրացավ, քանի որ հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը՝ Հայաստանը ստորագրել է հավակնոտ փաստաթուղթ, որում հարուստ ու հագեցած է նաև առևտրատնտեսական բաղադրիչը, որը չվավերացված Ասոցացման համաձայնագրից հետո կրճատումների ենթակա ամենամեծ հատվածն է, այնինչ կողմերին հաջողվել էր նաև այստեղ ճիշտ կրճատումների միջոցով լավ ծավալի համագործակցություն ուրվագծել նաև այդ ոլորտում: Ես ուրախ եմ, որ կողմերը ճիշտ կողմնորոշվեցին, և ԵՄ-ն չկորցրեց և դռները չփակեց Հայաստանի նման արժեքավոր գործընկերոջ առջև»,- նկատեց եվրոպացի պատգամավորը:
Վերջինիս խոսքով, սա առավել ուրախալի է իր համար, քանի որ ազգությամբ լեհ է:
«Լեհաստանն է նախաձեռնել այս կարևոր ԵՄ ծրագիրն իր հարևանների և առաջին հերթին՝ սեփական կայունության ու անվտանգության համար: Ես չեմ կարող ուրախ չլինել, որ ծրագիրը հաղթահարեց այս անհաղթահարելի թվացող հարցը` Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման հարցը, քանի որ, օրինակ, մեկ տարի առաջ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված անորոշությունը չափազանց խորն էր:
Ըստ էության սա այն նույն փաթեթն է, որ առաջարկում է ԵՄ-ն բոլոր գործընկերներին՝ փոքր-ինչ խմբագրված: Հայաստանը պետք է սկսի վավերացումը և պատրաստվի 2020 թվականի արդյունքներին, որոնք հստակեցվեցին վերջին գագաթաժողովի ժամանակ»,- ասաց Չարնեցկին, նշելով` հաշվի առնելով համաձայնագրի ծավալը, բավականին շատ ժամանակ կպահանջվի այն վավերացնելու համար:
Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Նիկու Պոպեսկուն մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար, հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես և ինչ պայմաններում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, որի նախաստորագրմանն այդքան պատրաստ էր Հայաստանը:
«Սա մեծ ձեռքբերում է, բայց ասել, որ սա ինչ-որ առումով ասոցիացում է ԵՄ-ի հետ, սխալ կլինի, քանի որ Հայաստանն այնուամենայնիվ չի ունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների այն ծավալը, ինչ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդավան, ու կունենար նաև Հայաստանը՝ 2013-ին ստորագրելով ԱՀ-ն ԵՄ-ի հետ, դա առանձնահատուկ կարգավիճակ ու փաստաթուղթ է:
Այն, ինչ օրերս ստրագրվեց, երկկողմ համաձայնագիր է, որը ֆիքսում է ոլորտները, որտեղ կարող է լինել համագործակցություն և այդ համագործակցության ծավալներն ու սահմանները:
Առավել ուշագրավ կհամարեի համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ:
Կարծում եմ, որ դա կողմերի համար ներկայումս ամենակարևոր ուղենիշերից մեկն է դառնալու, այն միակ փաստաթղթերից մեկը, որտեղ ԵՄ-ն մանրամասն և հստակ իր դիրքորոշումն է ներկայացնում՝ փորձելով չմիջամտել բանակցություններին, բայց փորձելով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը:
Ի վերջո, չմասնակցելով բուն բանակցություններին, ԵՄ-ն տարբեր եղանակներով աջակցում է ժողովրդական դիվանագիտության զարգացմանը, մարդկային շփումներին, ինչն օգնում է հասարակություններին հաղթահարել հակամարտությունը»,- նշեց ֆրանսաբնակ վերլուծաբանը:
Հիշելով 2013 թվականը` Պոպեսկուն ասաց, որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, քանի որ ուներ անվտանգության խնդիր և այդ ոլորտում կախվածություն Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ելնելով աշխարհաքաղաքական ազդեցության հավակնություններից՝ չցանկացավ, որպեսզի Ուկրաինան ու Հայաստանը ստորագրեն Ասոցացման համաձայնագրերը, այնինչ իրականում դրանք չէին հակասում իրար:
«Այդ Եվրասիական տնտեսական միությունն է բացառում Հայաստանի համագործակցությունը որոշ երրորդ կողմերի հետ որոշ հարցերում, իսկ ԱՀ ստորագրելով՝ Հայաստանն ազատ էր լինելու, դա սահմանափակող փաստաթուղթ չէր: Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների հետևանքով համաձայնագիրն էապես փոփոխվեց, կրճատվեց, այնինչ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող էին բոլորովին այլ որակ ու առանձնահատկություն ունենալ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, Հայաստանը հնարավորության դեպքում վերադառնա Ասոցացման համաձայնագրին, Պոպեսկուն պատասխանեց, որ նման հարց երբեք չի քննարկվել ԵՄ-ում, ուստի դժվար է ենթադրել:
«Եթե վերանան Հայաստանի սահմանափակումները, և ԵՄ-ն չունենա էլ ավելի գրավիչ առաջարկ, քան ասոցիացումն է, ապա հնարավոր է»,- ասաց Պոպեսկուն:
Վերջինս վստահ չէ, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հարցում Հայաստանն ունի Ռուսաստանի թույլտվությունը, քանի որ դա շատ ավելի լուրջ մակարդակ կնշանակի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:
«Կարծում եմ` Մոսկվան դեռ այդ հարցը չի քննարկում, քանի որ վավերացման գործընթացն է առջևում, և ԵՄ-ում կան կասկածներ, որ այն հարթ չի ընթանալու, վավերացումը հարթ չընթացավ Ուկրաինայի, Վրաստանի դեպքում ևս»,- ասաց Պոպեսկուն: