Բաժիններ՝

Ավտոմեքենաների համարանիշների, լուսարձակների գողությունը կհամարվի միջին ծանրության հանցանք, պատիժը կխստացվի

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը:

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Օրենքի նախագծի ընդունումից հետո հանցանք կտարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով»,–ասաց փոխնախարարը:

Խոսքը վերաբերում է հաշվառման համարնիշների, հայելիների, լուսարձակների և այլ բաղադրիչների գողությանը: Վերջին տարիներին իրականացված վերլուծությունները փաստել են, որ  այս արարքն ունի մեծ տարածվածություն,կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:

Պետությունը նկատել է՝ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացնողներից, և արձագանքն այս իմաստով ցանկանում են դարձնել համարժեք: Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ արարքը սահմանելով միջին ծանրության ՝այն մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս