
Մի խորհուրդ նիկոլիստներին. պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ի կողմից ՀՀԿ-ի նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության մերժումը անարգանք է նացիզմը հաղթած հերոսների նկատմամբ։
ՔՊ նիկոլական մեծամուսնությունը դեմ արտահայտվեց ՀՀԿ պատգամավորների/հիմնական զեկուցող՝ Տիգրան Աբրահամյան/ Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության նախագծին։
ՔՊ-ն իր քվեարկությամբ հնարավորություն չընձեռեց ԱԺ-ում ՀՀԿ -ական պատգամավորների նախաձեռնած հայտարարության քննարկմանը։
Սրանք նույնիսկ հարցի քննարկումից են խուսափում խորհրդարանում, բայց իրենց ղեկավարած ռեժիմն անվանում են «ժողովրդավարության բաստիոն»։
Ժողովրդավարությունը նախ և առաջ բազմակարծություն է և հարցերի բաց քննարկում, որից նիկոլիստները խուսափեցին։
Իսկ ո՞րն է նիկոլիստների նման քվեարկության «հիմնավորումը»։
ՔՊ-ականները նեղսրտել են, որ հայտարարության մեջ չի փառաբանվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը։
Նման պնդումը աբսուրդի թատրոն է հիշեցնում, քանի որ ՀՀԿ պատգամավորների հայտարարությունը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյա հաղթանակին, այսինքն՝ 1945-ի մայիսի 9-ի Մեծ Հաղթանակին, այլ ոչ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակին։/ավարտվել է 1945-ի սեպտեմբերի 2-ին/:
Իսկ անհերքելի փաստ է, որ Մեծ Հայրենականի հաղթանակը ԽՍՀՄ ու մասնավորապես Սովետական Հայաստանի հաղթանակն է։
Պնդում եմ, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու համար Խորհրդային Միությունը շատ թանկ գին է վճարել՝ 27 մլն մարդկային կյանքեր։
Առանց Ստալինգրադի ու Կուրսկի հաղթական ճակատամարտերի, Մոսկվայի ու Լենինգրադի հերոսական պաշտպանության անհնար էր նացիզմի դեմ հաղթանակը։
Ի վերջո՝ հայ ժողովրդի շուրջ 500.000 զավակներ նացիզմի դեմ պատերազմում էին ԽՍՀՄ բանակի կազմում՝ ազատագրելով Եվրոպայի մեծ մասը նացիստական ստրկությունից։
Եթե նիկոլական խմբակն ակնարկում է լենդ-լիզի օգնության մասին, պետք է հստակեցնեմ, որ ամերիկյան լենդ-լիզի օժանդակությունը կարևոր էր, բայց նրա շուրջ 80 տոկոսը տրվել է ԽՍՀՄ-ին միայն 1943-ին, երբ արդեն ակնհայտ էր դարձել նացիզմի պարտությունը։
Ավելին, լենդ-լիզը փաստացի պարտքով տրված օգնություն էր, որի մարումը ԽՍՀՄ-ի, իսկ այնուհետև ՌԴ-ի կողմից շարունակվել է մինչև 2006 թվականը։
Երկրորդ ճակատի բացման պահով.դեռևս 1941-ի սեպտեմբերին Ստալինը խնդրել էր Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին բացել երկրորդ ճակատ։
Բայց երկրորդ ճակատը դաշնակիցները բացեցին ե՞րբ…միայն 1944-ի հունիսի 6-ին։
Մի խորհուրդ նիկոլիստներին. պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։
Եվ Չերչիլը և Ռուզվելտը բացառիկ բարձր են գնահատել ԽՍՀՄ-ի վճռական դերը նացիզմի դեմ հաղթանակում։
1943-ի հուլիսի 28-ին Ֆրանկլին Ռուզվելտը ռադիոյով ասեց. «Մարշալ Ստալինի գլխավորությամբ ռուս ժողովուրդը ցուցաբերեց ինքնազոհության ու քաջության այնպիսի օրինակներ, որին դեռ աշխարհը ականատես չէր եղել»։
Հետո ԱՄՆ նախագահն ասեց. «Պատերազմից հետո մենք ուրախ կլինենք բարիդրացիական և անկեղծ բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, ում ժողովուրդը, փրկելով իրեն, օգնում է փրկվել ամբողջ մարդկությանը նացիստական սպառնալիքից»։
Իսկ Յալթայի կոնֆերանսի ավարտից հետո, 1945-ի փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը գրում է Ստալինին. «Ապագա սերունդները պետք է գիտակցեն իրենց պարտքը Կարմիր բանակի նկատմաբ նույնքան անվերապահորեն, որքան դա անում ենք մենք, ովքեր ականատեսն եղան նրա փառավոր հաղթանակների»։
Անթույլատրելի է կեղծել պատմությունն ու անարգել նացիզմը հաղթած հերոսների հիշատակը»։