
Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ

Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկու Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, դիտահորերի կափարիչները կփակվեն և երթևեկությունը կսահմանափակվի։ Այդ մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։
Նշվում է, որ Զելենսկին ժամանելու է Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև հանդիպելու Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
«Անվտանգության նկատառումներով օգտագործվելու են նաև ծառայողական շներ՝ պայթուցիկներ հայտնաբերելու համար, գործելու է հակադրոնային պաշտպանությունը, իսկ ջրային ոստիկանությունը պարեկություն է սահմանելու Բեռլինի կենտրոնով հոսող գետում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Բեռլինի իշխանությունները կսահմանափակեն երթևեկությունը և ժամանակավորապես կփակեն դեպի օդանավակայան և քաղաքի կենտրոն տանող փողոցները։