«Մեզ համար շատ կարևոր է, որ այնտեղ բացասական ձևակերպում չլիներ Արցախի հակամարտության մասով, որը չկա». Գառնիկ Իսագուլյան

168.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, չնայած մինչև վերջին պահը շատերը թերահավատ էին, սակայն երեկ, ի վերջո, Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Ինչե՞ս եք գնահատում այս գործընթացը և ի՞նչ ակնկալիքներ ունեք:  

– Նույնիսկ առաջինի դեպքում, ես միշտ պնդում էի, որ որևէ խնդիր կարող է հարուցվել միայն այն պարագայում, որ մենք, մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ընդհանուր միության մեջ հանդես գալու խնդիրը թողնելով, գնայինք բացառապես ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի կնքմանը: Ինձ համար անչափ կարևոր էր, որ մենք կարողանայինք զգալ բոլոր այն վնասները, որ կարող էր լինել 2013 թվականին, եթե մենք դա ստորագրեինք: Շատ ուրախ եմ, որ իշխանությունները կարողացան ունենալ այդ հեռատեսությունը, և երբ Եվրոպան ինքը մեր առջև դնում էր «կա՛մ-կա՛մ»-ի խնդիրը՝ առանց հաշվի առնելու, որ մենք առաջարկում էինք «և՛-և՛»-ի տարբերակը, իշխանությունները գնացին քայլի, որն առաջին հայացքից անտրամաբանական, անհասկանալի և վտանգավոր էր թվում, բայց գնացին այդ քայլին, հետագայում կարողացան նախաձեռնություն ցուցաբերել և, ի վերջո, հանգել նրան, որ աշխատի «և՛-և՛»-ի տարբերակը:

Այն պարագայում, երբ շատերը կասկածում էին, որ կան ինչ-որ արտաքին ճնշումներ, ՀՀ իշխանությունները չունեն այն վճռականությունը, որ գնան նոր համաձայնագրի ստորագրմանը, կարծում եմ՝ մերոնք շատ խելացի  և ճիշտ վարվեցին, ու դրա մասին ՀՀ նախագահն էլ շատ հստակ ասաց, որ դույզն-ինչ ճնշում երբևէ չի եղել, նույնիսկ կես բառ ակնարկ չի եղել այդ խնդրի վերաբերյալ, որ Հայաստանը կարող է գնալ և ստորագրել նոր ասոցիացման պայմանագիրը: Կարծում եմ՝ շատ ճիշտ վարվեցին հայաստանյան իշխանությունները, որ 2013 թվականին չստորագրվեց, իսկ հիմա ՀՀ-ի իշխանությունները գնացին և ստորագրեցին, երբ իրենք արդեն հանդիսանում են ԵԱՏՄ անդամ:

-Ի՞նչ կարող է փոխել այս համաձայնագիրը, Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ էր կարևոր դրա ստորագրումը Հայաստանի համար:

– Պետք է գիտակցել, որ բոլոր խնդիրներում կարելի է ակնկալիքներ և առաջընթաց ունենալ՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի, գործողությունների վրա: Այսինքն՝ այս համաձայնագրերը ցույց են տալիս, որ Հայաստանի վերաբերմունքն ինտեգրացիոն գործընթացներին դրական է, որ ինքը նույնիսկ կարողանում է երկու իրարից, թվում է, հակադիր ինտեգրացիոն գործընթացներին միաժամանակ մասնակցել և ինչ-որ տեղ նաև կամուրջ հանդիսանալ:

Բնականաբար, որոշակի խնդիրների առումով գործությունեությունը կհեշտանա: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն գնացել է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի վիզաների հարցը հեշտանա: Ոչ, շատ ավելի կարևոր խնդիրներ կան մեզ համար:

– Օրինա՞կ:

– Տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրների լուծման առումով, բայց, միևնույն է՝ դրանք էլ կարող են արդյունք տալ, եթե մենք ինքներս մեր սեփական ուժերով ամեն ինչ անենք և նպաստենք դրան: Այսինքն՝ բոլոր վատատեսների հետ կապված խնդիրը լուծվեց, բոլորը հասկացան, որ Հայաստանը նման խնդիր չունի, կարող է մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին: Մեզանից շատ ավելի մեծ բան է կախված, քան կարող են տալ այդ համաձայնագրերը:

– Փաստաթղթում ամրագրված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Այս առումով՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ համաձայնագիրն Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Դարձյալ պետք է կրկնեմ, որ հիմնական խնդիրը մեր վրա է դրված: Կարծում եմ՝ բոլորը, հատկապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները շատ լավ հասկացել են խնդրի ամբողջ էությունը, շատ լավ գիտակցում են, թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում, և որ լուծումն է հիմա ամենաճիշտը: Դրա համար մյուս կառույցները ճիշտ են անում, որ հղում են անում հենց Մինսկի խմբի վրա, որովհետև շատ լավ հասկանում են, որ խնդրին շատ լավ տիրապետում են հենց այդ կառույցում: Շատ կարևոր է, որ նույն հարցին անդրադառնալով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովն ասաց, որ դա այն խնդիրն է, որտեղ հակասություն չկա Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև:

Ընդ որում, սա նաև այն առումներով է շատ հետաքրքիր, որ մենք միշտ ասում ենք՝ չկա այլ հարթակ երեք հիմնական ուժային կենտրոնների համար, որտեղ իրենք կարող են քննարկել ցանկացած խնդիր՝ ունենալով այդ կլոր սեղանը:

Կարծում եմ՝ շատ ճիշտ են անում, որ խնդիրը թողնում են այդ խնդրի գիտակներին: Այդ առումով, կարծում եմ՝ դրական գործ ենք արել, ու շատ լավ է, որ այդ խնդիրը ներառված է այդ համաձայնագրի մեջ: Շատերը վախենում էին, որ այնտեղ կարող են ձևակերպումներ լինել, որոնք կարող էին վտանգավոր լինել, բայց հիշեք, եթե նույնիսկ այդպիսի ձևակերպումներ լինեին, դա չէր վերաբերելու Արցախի հիմնահարցի լուծմանը:

– Այսինքն՝ Դուք դրակա՞ն եք գնահատում այն ձևակերպումը, որ համաձայնագրում  արվել է Արցախի հիմնահարցի մասով:

– Եթե նույնիսկ այնտեղ ուրիշ ձևակերպում լիներ, որը, մեր կարծիքով՝ կարող էր շատ վատը լինել, ամենևին չէր ազդելու այն գործընթացի վրա, որը հիմա տեղի է ունենում: ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերյալ նախագահը շատ հստակ ասաց, որ այդ բանաձևերը բացառապես վերաբերում էին պատերազմի դադարեցմանը, և ոչ թե՝ ղարաբաղյան խնդրի լուծմանը:

Այսինքն՝ նրանց մտահոգում է կոնկրետ պատերազմը: Կարծում եմ՝ նախագահը բոլոր այդ հարցերին շատ ճիշտ պատասխանեց: Հավատացեք՝ արցախյան հիմնախնդիրը որևէ այլ հիմնախնդրի նման չէ, սա սպեցիֆիկ է, և Ադրբեջանն ու Արցախը միաժամանակ իրավական տեսանկյունից ստացել են  նույն կարգավիճակը: Դրա համար մենք պետք է Արցախի հիմնահարցով հանգիստ լինենք, և որևէ ձևակերպում չի կարող մեզ համար պարտադրանք լինել՝ բացի նրանից, որ մենք ինքներս պետք է շահագրգռված լինենք, որ Արցախը շատ ավելի զարգանա տնտեսական, քաղաքական, սոցիալական և մյուս առումներով:

– Նկատի ունեք՝ համաձայնագրում Արցախի հիմնահարցի վերաբերյալ այդ ձևակերպումը լավն է, բայց ազդեցության առումով՝ չի՞ կարող նշանակություն ունենալ:

– Բնականաբար: Մեզ համար շատ կարևոր է, որ այնտեղ բացասական ձևակերպում չլիներ, որը չկա, այդ առումով՝ մենք հասել ենք հաջողության: Ուղղակի ես պնդում եմ, որ եթե նույնիսկ լիներ բացասական ձևակերպում, միևնույն է, խնդրի հիմնական լուծողն Արցախի ժողովուրդն է, նրա իշխանությունները, և Հայաստանը՝ որպես անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր:

Տեսանյութեր

Լրահոս