Սխալներ, որոնք թույլ են տալիս բոլոր նիհարել ցանկացողները
Երկար ժամանակ դիետայի հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Սկսելով «նիհարել»՝ շատերն արագ արդյունքի են սպասում և դրան չհասնելով՝ արագ հիասթափվում են ու դադարում հետևել սննդակարգին։ Steptohealth.ru-ն գրում է, որ նիհարել հնարավոր է, բայց հարկավոր է համբերությամբ զինվել ու սխալներ թույլ չտալ սննդակարգի ընտրության հարցում։ Սխալներ, որոնք ավելորդ քաշից ազատվելու ճանապարհին թույլ են տալիս շատերը։
Սննդի ընդունումը բաց թողնելը։ Սննդակարգին հետևել՝ չի նշանակում՝ բաց թողնել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը։ Հակառակը՝ սնունդը պետք է պարբերական լինի. այդ դեպքում ախորժակը «կենդանական» չի լինի։ Եթե նյութափոխանակությունն աշխատում է պարբերական ռեժիմով, օրգանիզմն ավելի շատ ճարպ կայրի։
Զգուշացեք «light» մթերքից։ Մեր ժամանակներում բավական հայտնի է «էկոլոգիական» և «light» մթերքը։ Դեպքերի մեծամասնությունում այս նորաձև անուններն օգտագործվում են պարզապես գովազդի նպատակով։ Շատերը չափից շատ են ուտում մթերք, որն «առողջ» են համարում։ Մինչ նման մթերք օգտագործելը հարկավոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանն ու կալորիականությանը։
Ալկոհոլ և աղ։ Սրանք լրջորեն խոչընդոտում են նիհարելուն։ Մեծ քանակով աղի օգագործումը հեղուկի կուտակման և ճնշման բարձրացման է հանգեցնում։ Ալկոհոլի օգտագործումը ևս լրջորեն ազդում է նիհարելու գործընթացի վրա։
Քիչ հեղուկ օգտագործելը։ Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակով ջրով։ Օրվա ընթացքում հարկավոր է 1.5-2 լիտր ջուր օգտագործել՝ կախված քաշից։
Շատ շտապելով ուտելը։ Շատ չուտելու համար հարկավոր է հանգիստ ուտել, առանց շտապելու և որևէ այլ գործողություն անելու։ Կերեք փոքր կտորներով, մինչև կուլ տալը մանրամասն ծամեք մթերքը։
Չնախաճաշելը։ Նախաճաշելը պարտադիր է։ Այս դեպքում նյութափոխանակությունը նորմալ է աշխատում։ Օրվա սկզբում օրգանիզմին անհրաժեշտ էներգիայով ապահովելը շատ կարևոր է։ Նախաճաշը բաց թողնելու դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել պահուստային էներգիան։ Իսկ երբ վերջապես սնունդ օգտագործենք, այն սխալ կյուրացվի՝ մեծամասնությամբ վերածվելով ճարպի։
Քիչ քնելը։ Լավ հանգիստն անհրաժեշտ է նյութափոխանակության նորմալ աշխատանքի համար։ Վատ քնելու դեպքում օրգանիզմը լրացուցիչ ծանրաբեռնվում է, ինչը ստիպում է ավելի շատ ուտել։
Ֆիզիկական ակտիվություն չդրսևորելը։ Ճիշտ սննդակարգը հարկավոր է լրացնել ֆիզիկական ակտիվությամբ։ Օրինակ՝ օրվա ընթացքում 30 րոպե քայլելը լավ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար և օգնում է այրել ավելորդ ճարպը։
Հետևել նորաձև դիետաների։ Սննդակարգը պետք է մշակված լինի անհատական։ Հարկավոր չէ հետևել սննդակարգի. որի մասին կարդացել եք ամսագրում կամ համացանցային կայքերում, կամ լսել եք ծանոթներից։ Սա կարող է հիասթափությամբ ավարտվել, ինչպես նաև՝ մեծապես վնասել առողջությանը։ Եթե որևէ սննդակարգի հետևելն օգնել է մյուսներին՝ ազատվելու ավելորդ քաշից, չի նշանակում, որ նույնը կլինի ձեր դեպքում։ Սննդակարգը կազմելիս պետք է հաշվի առնվեն օրգանիզմի առանձնահատկությունները, կենսակերպը, աշխատանքի ռեժիմը, օրգանիզմի պահանջները և մի շարք այլ գործոններ։
Ամեն օր կշռվելը։ Նիհարելն արտահայտվում է ոչ միայն քաշի նվազեցմամբ, այլև ճարպից ազատվելով։ Ամեն օր կշռվելը չի օգնի նիհարել, հակառակը՝ կարող է հանգեցնել քաշի վրա կենտրոնանալուն։
Ածխաջրերից ամբողջությամբ հրաժարվելը։ Օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերից հրաժարվելը լավագույն տարբերակը չէ։ Հիշեք, որ օրգանիզմը և՛ ածխաջրերի, և՛ ճարպերի, և՛ սպիտակուցների կարիք ունի։ Պարզապես հարկավոր է առողջ սնունդ ընտրել։
Սննդակարգից նույնիսկ փոքր շեղումներ թույլ չտալը։ Հարկավոր է իրատես լինել։ Որևէ շեղում թույլ չտվող դիետան չի երաշխավորում հաջողությունը։ Ավելի շուտ՝ հակառակը։ Սնվելու ռեժիմը պետք է ռեալիստական լինի։ Միայն այդ դեպքում կարող եք հետևել դրան։ Դիետայի կազմման ընթացքում պետք է հաշվի առնվեն մասնագիտության առանձնահատկությունները, սոցիալական կյանքը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը