Բաժիններ՝

«Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական բարձր աճին հավակնելու համար բավարար չեն». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվել են 2018թ. պետական բյուջեի քննարկումները: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ հրապարակային քննարկումների արդյունքում կունենանք մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր ընթացքն ապահովող բյուջե: Ըստ նրա` հաշվի առնելով 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները, հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են կատարել և, չնայած միջնաժամկետ հատվածում խնդիր ունեն պարտքի կայունացման առումով, սակայն վերանայվելու են ծախսերը, հատկապես` կապիտալ ծախսերը, որոնք տնտեսական աճի հիմքն են:

«Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական միտումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական բարձր աճին հավակնելու համար բավարար չեն: 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումները: Այլ կերպ ասած` կապահովվի միջինում 5%-անոց աճ»,- ասաց Կ. Կարապետյանը` հավելելով, որ դա հնարավորություն կտա լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ըստ նրա` նշվածը կառավարությունից մեծ ջանքեր և աշխատանք է պահանջում, և արդյունքում այդ քաղաքականությունը կապահովի երկրի արտաքին գրավչությունը:

Վարչապետը նշեց, որ եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված` թե՛ ստվերի կրճառտման, թե՛ գործարար նպաստավոր միջավայրի ապահովման առումով:

«Հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, կաշխատենք առավել պրակտիկ, արդյունավետ, որ ստանանք մեր երկրի քաղաքացիների համար լավագույն արդյունքը»,- ասաց Կ.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս