Արցախյան հակամարտության մասին Բրյուսելի բանաձևը

Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա:

Նկատելի շրջանառություն էր գտել այն մտավախությունը, որ Վիլնյուսի նման, վերջին պահին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ ներառած փաստաթղթի ստորագրությունից հրաժարվելու նման, սա եւս քաղաքական որոշ ճնշումներով կչեղարկվի:

Սակայն նախադրյալները այդպես չեն. առարկայական դիտարկում կատարելու փորձով պետք է արձանագրել, որ Երեւանը չէր, որ նախկինի դեպքում շեղում էր արել իր վարքագծային հետեւողականությունից: Երեւանը սկզբից հայտարարել էր իր արտաքին բազմավեկտորային քաղաքականությունը, «Թե- Թե»-ով հատկանշված. ԵՏՄ-ի անդամակցությունը ԵՄ-ի համար պատճառ հանդիսացել էր գործընթացի չեղարկման. ավելի ուշ` առկախման եւ բանակցությունների վերսկսման:

Հիմա կան արտաքին երեւույթներ, որոնք ստորագրության ապահովման են միտում: Նախ, փաստաթղթի ամբողջական բնագրի հրապարակումը օժանդակում է ստորագրությանը: Չմոռանանք, որ թե նախագահ Սարգսյանը եւ թե նախարար Նալբանդյանը հաջորդաբար ՄԱԿ-ի գլխավոր համագումարի եւ Եւրոպայի արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարեցին, որ Երեւանը կստորագրի համաձայնագրի փաստաթուղթը:

Մասնագիտական գնահատականները խոսում են փաստաթղթի առավել եւս քաղաքական բաղադրիչ ունենալու մասին, քան առեւտրական տրված լինելով, որ Երեւանը որդեգրել է այս մարզում ԵՏՄ-ի կանոնները: Բայց առեւտրական գետնի վրա համագործակցության վերաբերող հոդվածները եւս ներառվել են ավելի քան երեք հարյուր էջ կազմող այս փաստաթղթում:

Քաղաքական բաժինը առավելաբար վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, փողերի լվացման դեմ պայքարին, արդարադատության համակարգի փոփոխությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ նման ոլորտների:

Քաղաքական առումով կար նաեւ մտավախություն, որ Արցախյան հակամարտության առնչությամբ ոչ հայանպաստ նշումը կարող էր տապալել համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահը: Այստեղ եւս մտավախությունները փարատվել են։ Նախաբանում Արցախյան հակամարտության վերաբերող բաժինը բանաձեւվել է հետեւյալ կերպ.

Մասնավորապես նշվել է, որ ընդունվում է Արցախյան հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է նաեւ այն, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների վրա, մասնավորաբար, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եւրամիության ուղղությամբ հաստատված հանձնառությունը:

Համաեվրոպական մեկ կարեւոր այլ կառույց՝ ԵԽԽՎ-ն, ոչ միայն պաշտոնանկ արեց Բաքվի կողմից կաշառված նախկին նախագահին, այլ միաձայնությամբ որդեգրեց «լվացքատունը» գործարկող Բաքվին դատապարտող երկու հիմնական բանաձեւեր:

Մարդու իրավունքների ոտնահարման փաստերով, լրագրողներ հալածելով, բռնաընտանեկան վարչակարգի ամրագրման փորձերով եւ «լվացքատան» շինարարությամբ եւ գործարկումով հատկանշվող Բաքուն դեռ լուրջ խնդիրներ կարող է դիմագրավել եւրոպական տարբեր կառույցների կողմից: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հայկական հարցերի, ընդ որում Արցախյան հակամարտության ուղղությամբ կարող են  հնչել արցախահայության եւ եվրոպական հայեցակետերը նկատի ունենալով Արցախում ապրող  մարդու ինքնորոշման եւ ապահովության իրավունքները հարգող պաշտոնական դիրքորոշումներ։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս