Երկիրը «մեռնում» է. Հայաստանում ծնելիության պատմական հակառեկորդ է գրանցվել
Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության» պայմաններում Հայաստանում չափազանց մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում։ Բնակչության բնական հավելաճը կանգ է առել։ Ոչ թե դանդաղել է կամ աճի տեմպերն են թուլացել, այլ ընդհանրապես դադարել է։ Բնակչության բնական վերարտադրության անիվը սկսել է հետ պտտվել։
Տարեսկզբին Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է։
Սա աննախադեպ իրադարձություն է, ինչը նշանակում է, որ երկիրը գնալով «մեռնում» է։ Ոչ թե այն պատճառով, որ ավելի շատ մարդիկ են սկսել մահանալ, այլ այն պատճառով, որ գնալով ավելի քիչ երեխաներ են ծնվում։
Դա քաղաքացիների կողմից Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության» ուղիղ պատասխանն է, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն հավատում կեղծ խաղաղությանը, դրա համար էլ խուսափում են երեխաներ ունենալ ու իրենց երեխաների ապագան կապել այս իշխանության բերած խաղաղության հետ։
Կար ժամանակ, երբ մի կարճ շրջան ծնելիությունը երկրում ավելացել էր, հայտարարում էր, թե դա ապագայի վերաբերյալ քաղաքացիների պատասխանն է կառավարության իրականացրած քաղաքականությանը։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ասի, թե սրանով ի՞նչ ուղերձ են հղում քաղաքացիներն իշխանություններին ու նրա բերած խաղաղությանը։
Պաշտոնական տվյալներով՝ հունվարին Հայաստանում 2.393 երեխա է ծնվել։ Ավելի քիչ, քան անցած տարի։ Անցած տարի ծնվել էր 2.688 երեխա։
Այս տարի Հայաստանում 295-ով պակաս երեխա է ծնվել, քան անցած տարի։
Ծնունդները գրեթե 11 տոկոսով կրճատվել են։
Երբևէ չի եղել, որ Հայաստանում այդքան քիչ երեխա ծնված լինի։ Այս տարվա հունվարի ծնունդների քանակն աննախադեպ ցածր է, պատմական հակառեկորդ է գրանցվել։ Տարիներ առաջ Հայաստանում շատ ավելի մեծ քանակությամբ երեխաներ էին ծնվում, քան հիմա։ Անգամ վերջին տարիների հետ համեմատելի չէ, չնայած վերջին տարիներին Հայաստանում ծնվող երեխաների քանակը պերմանենտ պակասում է։
Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունեցել, այս տարի ծնված երեխաների քանակը համեմատեք 2-3 տարի առաջվա հետ։ 2023թ. հունվարին Հայաստանում ծնվել էր 3.481, իսկ 2024թ. հունվարին՝ 3.108 երեխա։ Այս տարի ծնվածները 1.088-ով կամ ավելի քան 31 տոկոսով պակաս են 3 տարի առաջ ծնվածներից և 715-ով կամ 23 տոկոսով պակաս 2 տարի առաջ ծնվածներից։
Դեռ չենք ասում, որ այս տարի ծնվածների մեջ ներառված են նաև Արցախից բռնագաղթած տասնյակ-հազարավոր ընտանիքներում ծնված երեխաները։
Նույնիսկ այն, որ այս տարի ավելի քիչ մարդ է մահացել, քան անցած տարի, փրկություն չի եղել։ Բնակչության բնական հավելաճը նվազել է։ 39-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է։
Սա կատաստրոֆա է ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի համար, որն այսօրվա կառավարիչների իրականացրած ազգակործան քաղաքականության հետևանքով հայտնվել է այլ, այդ թվում՝ թշնամի ազգերի էքսպանսիայի վտանգի տակ։
Առաջին տարին չէ, իհարկե, որ ծնունդները Հայաստանում կրճատվում են։ ՔՊ-ականների իշխանության գրեթե բոլոր տարիներին այդպես է եղել։ Եթե 2024թ. ծնվել էր 33.593 երեխա, անցած տարի ծնվեց ընդամենը 32.042-ը։ Ավելի քան 1.5 հազարով պակաս, քան 1 տարի առաջ։
Անցած տարվա ծնվածների քանակը նույնիսկ համեմատելի չէ 2-3 տարի առաջվա հետ։
2023-2024թթ. Հայաստանում ծնված երեխաների քանակը գերազանցել էր 36 հազարը։ Անցած տարի դրանից առնվազն 4 հազարով պակաս երեխա ծնվեց։
Ավելի վաղ շրջանի հետ համեմատելն է նույնիսկ անիմաստ։ Ընդամենը 10 տարի առաջ կամ 2016թ., նախկին «թալանչի, կեղեքիչ ու հանցագործ» իշխանությունների օրոք, Հայաստանում ծնվել էր ավելի քան 40.5 հազար երեխա։ Առնվազն 8 հազարով ավելի շատ, քան ծնվեց անցած տարի։
ՔՊ-ականների իշխանության տարիներին ծնելիությունը Հայաստանում մեծապես կրճատվել է ու շարունակում է կրճատվել։ Ծնելիության նվազումն ուղիղ կապ ունի այն քաղաքականության հետ, որն իրականացնում են Հայաստանի վերջին 8 տարիների կառավարիչները։ Նրանց բերած «Ապագա կա»-ն ու «խաղաղությունը» երևում է այս ցուցանիշներում։
Ծնելիության կրճատումը կապված է՝ ինչպես հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերելու, այնպես էլ՝ երկրի անվտանգության, արտագաղթի, ստեղծած սոցիալ-հոգեբանական մթնոլորտի, տնտեսական իրավիճակի ու ապրելու պայմանների հետ։ Զարմանալի չէ, որ էապես նվազել են նաև ամուսնությունները։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տարեկան առնվազն 15-16 հազար ամուսնություն էր գրանցվում Հայաստանում, անցած տարի ամուսնությունների քանակը եղել է ընդամենը 13.8 հազարը։ Այս տարվա սկզբին էլ ամուսնությունները նվազել են։
Այսքանից հետո, թողնես ճառեր ասեն, թե ինչքան են բարելավել կյանքը Հայաստանում, պայմաներ են ստեղծել ամուսնություններն ու ծնելիությունը խթանելու համար։
2018 թվականից ծնելության աճի խթանմանն ուղղված ծրագրեր են իրականացնում, փողեր են բաժանում, տեսնում ենք, թե ինչ արդյունք են տվել։ Մինչև վերջերս երրորդ և չորրորդ երեխաների ծնվելու դեպքում՝ միանվագ 1 միլիոն, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1.5 մլն դրամի աջակցություն էին տրամադրում։ Յոթ տարի հետո հազիվ հասկացան, որ այն անարդյունավետ է։ Վերջերս որոշեցին փոխել. Նախկին միլիոնների փոխարեն՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում 500-հազարական դրամ կտան ու կհամարեն, թե ծնելիությունն են խթանում, իսկ ծնելիությունը, ինչպես մինչև հիմա, կշարունակի կրճատվել։
Բնակչության բնական աճի պատկերը Հայաստանում կատաստրոֆիկ տեմպերով վատանում է։ Իրավիճակը շտկելու, ծնելիությունը խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, այլազգիներով են ուզում փոխել երկրի ժողովրդագրական պատկերը։ Ու դա վերջին տարիներին ամենուրեք ակնառու է։ Այլազգիները Հայաստանում գնալով ավելանում են։
Այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ հայերը Հայաստանում փոքրամասնություն լինեն։ Այդպիսի հեռանկարն էլ այս իշխանությունների օրոք անհավանական չէ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



