«Միջազգային հանրությանը շանտաժի ենթարկող Ալիևի հետ միջնորդները բիլյարդի գնդակի նման կվարվեն». Տարասով
«Նախապայմաններ ասելով՝ Ադրբեջանի նախագահն ամենայն հավանականությամբ նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնց կողմ էր Երևանը և միջազգային հանրությունը: Շանտաժի միջոցով Ադրբեջանի նախագահը փորձում է հրաժարվել դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի: Ալիևը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձախողելու փորձերի մեջ` նշելով, թե Երևանը տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում, որպեսզի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները չվերականգնվեն:
«Միայն թե ես միանգամից հայտարարել էի, որ նախապայմաններից ոչ մեկը չի բավարարվի: Նման քայլը Հայաստանին հիմար վիճակի մեջ է դրել, և Հայաստանը հիմա ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Իլհամ Ալիևը` հավելելով, թե Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ:
«Բանակցային գործընթացի վերականգնումը շնորհ չէ Ադրբեջանին: Հայաստանի հիստերիկ հայտարարությունները և վախով լի դիմումներն այլ երկրներին բացահայտ ցույց են տալիս, որ նրանք ի վիճակի չեն դիմակայել մեզ մարտի ժամանակ: Շփման գծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության տակ են լավագույն դիրքերը: Իհարկե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի բանակցային գործընթացը վերականգնելու հարցում»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ միջնորդները նույնպես ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը: Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ:
Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Բաքուն ի սկզբանե փորձում էր խոչընդոտել, խափանել ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, պահանջելով սկսել բովանդակային բանակցություններ մաքուր էջից, որը միջնորդները չէին ընդունում առանց համապատասխան երաշխիքների՝ հետաքննությունների մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի թիմի ընդլայնում:
Ռուս վերլուծաբանը հիշեցրեց Ալիևի հայտարարություններն այն մասին, թե միջազգային հանրությունն իրեն ճնշում է ճանաչել Արցախի անկախությունը, ներդնել այդ մեխանիզմները, ինչը եղել է բանակցային գործընթացի վերջին մեկուկես տարվա գլխավոր խնդիրը: Ըստ նրա, հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը երբեք էլ Ադրբեջանի քաղաքական օրակարգում չէր, քանի որ Ադրբեջանն է շփման գծում միջադեպերի սադրիչը:
Ուստի, Տարասովի կարծիքով, օգտվելով մի շարք հարմար հանգամանքներից, Ադրբեջանի նախագահը որոշել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը և ժամանակավորապես օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Տարասովի խոսքով, պատահական չէր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ տարածած հայտարարությունից բացակայում էր անդրադարձը վերոնշյալ համաձայնագրերին:
«Վերջերս Ադրբեջանի նախագահը Եվրոպային սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, ուստի ԵՄ-ն պետք է փորձի ինչ-որ կերպ ժամանակավորապես ճնշել Հայաստանին՝ Ադրբեջանին խորհրդում պահելու և այդ երկրների նկատմամբ վերջին լծակները պահպանելու նպատակով, իսկ դրա համար հարմար առիթ է ստեղծվել. առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ստորագրել համաձայնագիր Եվրոպական միության հետ:
Այսինքն՝ ճնշում նման պատճառներից ելնելով՝ հնարավոր է, բայց թե որքանով է համապատասխանում իրականությանը դժվար է ասել, քանի որ բովանդակային բանակցությունների համար անհրաժեշտ է բանակցություններին Արցախի մասնակցությունը, այնինչ նման հարց այսօր չի էլ դիտարկվում և քննարկվում:
Իմ կարծիքով, երբ հստակ դառնա, թե երբ են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը, Հայաստանի նկատմամբ ճնշումները կմեղմվեն և կսկսվի ճնշում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ միջազգային հանրության տեսանկյունից ևս հետաքննության մեխանիզմների տեղակայումը ժամանակավոր խաղաղության երաշխիքներ են, որի ընթացքում գուցե սկսվի լայնածավալ կարգավորման գործընթացը Արցախի մասնակցությամբ:
Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը, գլխավորաբար՝ ԱՄՆ-ը, չի հրաժարվել այդ երեք առաջարկներից: Հենց դա հաստատելու համար օրերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարություն տարածեց, որ աջակցում է Արցախի ականազերծման աշխատանքներին: Սա ուղերձ էր այն մասին, որ ամերիկյան կողմը չի հրաժարվել այդ մեխանիզմների ներդրումից, ուստի վերջին պահին միջազգային հանրությունն Ադրբեջանին բիլյարդի գնդակի նման անկյուն կմղի»,- եզրակացրեց Ստանիսլավ Տարասովը:
Նրա համոզմամբ, նախագահների առաջիկա հանդիպման թեման հենց այս պայմանավորվածությունների կատարումը քննարկելն է լինելու, քանի որ այլ օրակարգ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ներկայումս չկա, քանի որ բովանդակային օրակարգի համար այդ բանակցություններին անպայմանորեն պետք է միանա Արցախը: