«Կրթված մարդկանց դժվար է աշխատանք գտնել». Գուրգեն Տարախչյան

Չնայած մանկավարժներին տրվող ցածր աշխատավարձին, սոցիալապես ծանր պայմաններում ապրող շատ ուսուցիչներ, այնուամենայնիվ, շարունակում են դասավանդել: Այլ հարց է, թե որքանո՞վ են կարողանում սոցիալական բազմաթիվ խնդիրների պարագայում որակյալ կրթություն ապահովել:

Գյումրեցի ուսուցիչներից մեկին՝ տիկին Մարինեին, հուզում է ոչ միայն ցածր աշխատավարձերի խնդիրը, այլև կրթության որակը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց. «Երեխաները մեծամասամբ չեն ցանկանում սովորել ապագայի հանդեպ հավատ չունենալու պատճառով: Բացի այդ, ուսումնական դասագրքերն իրենց համար բարդ է ընկալելը»:

Ժողովրդի կենսամակարդակի, թոշակների, մանկավարժների աշխատավարձերի բարձրացումը Գյումրու 8-րդ դպրոցի մանկավարժ Գուրգեն Տարախչյանն համարում է պետական հիմնախնդիր:

«Կրթությունը պետք է ժամանակի պահանջներին համահունչ լինի: Այսօր Հայաստանը կրթական բարեփոխումների շարունակական որոնումների մեջ է: Ներկա պահին Հայաստանի առաջիկա 10 և ավելի տարիների ռազմավարական պլանավորումը մշակման փուլում է: Հարափոփոխ աշխարհի զարգացումներին սովորողներին նախապատրաստող, պետական մշտական հոգածություն ապահովող ոլորտ, որում կատարվող ներդրումներն անմիջապես նկատելի չեն: Կրթության ոլորտում կատարվող ֆինանսական և ցանկացած ներդրում ապահովում է պետության կայուն և շարունակական զարգացումը: Այս գործընթացների գլխավոր իրականացնողը մանկավարժն է՝ իր փորձով և հմտություններով: Պետության խնդիրն է՝ կրթության դաշտի զինվորի կողքին լինել: Երկրի պաշտպանությունը, կրթությունը և առողջապահությունը ցանկացած պետության համար առաջնահերթություն պետք է լինեն: Թե ինչքանով պետությանը կհաջողվի դրանք լուծել, կբնութագրի նրա զարգացածության մակարդակը: Այս խնդիրների լուծումը հասարակության փոխկապակցված հիմնարար խնդիրները կլուծի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գ. Տարախչյանը:

Նրա խոսքով՝ սակավ պետական ֆինանսական միջոցների պայմաններում շատ խնդիրներ կմնան չլուծված: Ըստ նրա՝ հասարակությունը նույնպես իր մասնակցությունը պետք է ունենա նման հարցերի լուծման խնդրում:

«Սակայն պետք չէ դա բարդել սոցիալապես անապահով համայնքի վրա, այն դեպքում, երբ համապետական նշանակության խնդիրներին պետք է իր մասնակցությունն ունենան ավելի շատ ֆինանսապես մեծ կապիտալի տիրապետողները: Իշխանությունները պետք է արժևորեն կրթությունը և կրթված մարդուն: Ներկա պայմաններում, երբ մեծամասամբ կրթված մարդկանց դժվար է աշխատանք գտնել և լուծել իրենց սոցիալական խնդիրները, կրթվելու ցանկությունը դառնում է ինքնանպատակ: Իշխանությունները պետք է օգտագործեն կրթված մարդկանց կարողությունները` ստեղծելով աշխատատեղեր և նրանց ներգրավելով այդ աշխատանքներում: Միայն այս դեպքում կրթության ոլորտում արված ներդրումները կարդարացվեն:

Այս ամենը հնարավոր չէ իրականացնել առանց ուսուցչի կամ մանկավարժի դերի բարձրացման, նրա սոցիալական և շատ հիմնախնդիրների լուծման: Համաձայն լինելով ոչ բավարար միջոցների առկայությանը, այնուհանդերձ հնարավոր է օգտագործել ուսուցիչների նվիրումը և սերունդների կրթման ու զարգացման գործում նրանց մեծ դերակատարումը, եղած փոքր ֆինանսական հնարավորություններով անգամ` ստանալ մեծ արդյունքներ: Անշուշտ, երբ առաջիկա տարիներին նվազում են կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցները, ակնառու է դառնում, որ իշխանությունների ներկա քաղաքականությունն ավելի կխորացնի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները:

Ուսուցիչը մշտապես պետության հիմնախնդիրները համարել է իր սեփական հիմնախնդիրները` անձնականը ստորադասելով հասարակության խնդիրների լուծմանը»:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս