Բաժիններ՝

«Կումայրի» արգելոցի տարածքը շինարարական աշխատանքներից հետո որպես բիզնես տարածք է օգտագործվելու

«Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1980 թվականին: Արգելոցի պահպանման տարածքը կազմում է ավելի քան 1000 հա: Դրանում ընդգրկված է պատմության, մշակույթի 1600-ից ավելի հուշարձան:

Անխնամ, խարխլված պատեր, խոնավություն, պատուհանների կոտրված ապակիներ: Այսպիսի տեսք ունեն Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող որոշ շենք-շինություններ:

Օրինակ, Գորկի փողոցում գտնվող այս շինության վերգետնյա քարերը քարուքանդ վիճակում են, որոշ տեղերում քարերը ներքև են թափվել, պատուհանների ապակիները ջարդված են:

Այս ամենով հանդերձ՝ Կումայրի» արգելոցի շինությունները գրավիչ են, քանի որ կառուցված են յուրահատուկ ճարտարապետական բարոկկո ոճով. իրենց գեղեցկությամբ աչքի են ընկնում հատկապես դրանց պատուհանները և պատշգամբները: Յուրօրինակ ձևով հրապուրիչ է Ձիթողցոնց տուն-թանգարանը՝ Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը, որը հիմնադրվել է 1984 թվականին:

Այստեղ՝ ցուցասրահներում, կարող ենք ծանոթանալ  19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությանը, արհեստներին, հոգևոր մշակույթին ու հասարակական կենցաղին։

Գյումրու պատմական շինությունների հանդեպ անտարբեր չեն նաև օտարերկրացիները:

Դեռևս 2013 թվականին ավարտվեց Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի հիմնանորոգումը: Հյուպատոսարանի տարածքը զբաղեցնում է «Կումայրի» արգելոցի կազմում ընդգրկված ամենագեղեցիկ, նախկինում Աիդա Մամիկոնյանին պատկանած սեփական տունը, որը և վերածվել էր պատվո հյուպատոսարանի: Շինությունը 1900-ականներին կառուցել է Գեղամովների ընտանիքը: Այժմ այն անվանվում է Villa Kars:

Ի՞նչը կարող է խթան հանդիսանալ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար, եթե ոչ «Կումայրիի» շինությունների հիմնանորոգումը: Չէ՞ որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջին հերթին՝ հետաքրքրում են տվյալ ժողովրդի պատմաճարտարապետական շինությունները, փողոցները, ազգային նիստուկացը:

Այժմ Գյումրիում հիմնանորոգվում են պատմական արժեք ներկայացնող փողոցները:

Դրանցից մեկը Ռուսթավելի փողոցն է, որն անվանվել է «Ոսկեդարի» վրաց քաղաքական գործիչ և բանաստեղծ, «Ընձենավորը» էպոսի հեղինակ Շոթա Ռուսթավելիի անունով:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ ներկա դրությամբ Ռուսթավելի փողոցում շինաշխատանքները վերջնական շրջան են թևակոխել:

– Այս պահին սալահատակի աշխատանքներն են իրականացվում՝ և´ փողոցի երթևեկելի մասի, և՛ մայթերի մասի: Ճարտարապետներն են տեղում աշխատում, չլուծված խնդիրներին լուծումներ են տալիս: Աշխատանքներ է իրականացնում Ախուրյանի Կոոպշին ընկերությունը, «Գազպրոմ Արմենիան», մայթերի մասով՝ «Բիլայնը», «Ռոստելեկոմը», շուտով կավարտվի նաև մայթերի մալուխների անցկացումը,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու գլխավոր ճարտարապետը:

Անդրադառնալով «Կումայրի» արգելոցի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին, Գյումրու գլխավոր ճարտարապետն ասաց, որ մշակվում է տարածքի կոդավորման նախագիծը, բոլոր տարածքները բաժանվելու են՝ ըստ ֆունկցիաների, դրանից հետո մենք կունենանք, թե որ տարածքն ինչ ֆունկցիայի է ծառայելու:

«Նպատակը գյումրեցիներին աշխատանքով ապահովելն է: Դուք գիտեք, որ ներկա պահին մենք բանվորական ուժի պակաս ունենք, քարագործ վարպետների, ովքեր մայթեզրի քարերն են դնում, սալահատակ են անում: Քանի որ շինարարությունից հետո այդ տարածքը մենք որպես բիզնես տարածք ենք օգտագործելու, բնականաբար, կունենանք նաև սպասարկման ոլորտի զարգացում»,- ասաց նա:

Հ.Գասպարյանը նաև անդրադարձավ Ռուսթավելի փողոցում ապամոնտաժված խողովակներին.

«Եթե խոսքը գազի խողովակների մասին է, ապա դրանք «Գազպրոմ Արմենիայի» սեփականությունն են, դրանք տարել, նորերն են տեղադրել: Իսկ ինչ վերաբերում է հենասյուներին, ապա դրանք ապամոնտաժվում են, քանի որ այդ փողոցում հենասյուներ չեն լինելու, մենք լրիվ դարձրել ենք ընդգետնյա, դրանք մեր համայնքի սեփականությունն են, պահեստավորվում են, հետագայում կօգտագործվեն մեկ այլ նպատակի համար»:

Ըստ Հ.Գասպարյանի՝ Ռուսթավելի փողոցից հետո հիմնանորոգվելու է նաև Շիրազի փողոցը:

«Այս երկու փողոցները, որոնք մենք իրականացնում ենք, դա պիլոտային ծրագիր է, և  շարունակաբար տարածվելու է մյուս փողոցների ու թաղամասերի վրա, բոլոր պատմամշակութային արժեք ունեցող շենքերը վերականգնվելու են:  Մեր ծրագիրը ոչ թե վերջնականապես սահմանափակվելու է այս երկու փողոցներով, այլ «Կումայրի» պատմական արգելոցի բարեկարգմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 500.000 դոլարի ներդրում էր իրականացրել և գնել «Ջրահարս» ռեստորանի շենքը։ Սեպտեմբերի 1-ին Գյումրի այցելության ժամանակ նա չմանրամասնեց, թե ուրիշ ովքեր են հետաքրքրված «Կումայրի» արգելոցի տարածքում շենքեր գնելու հարցում:

Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Ռուսթավելի փողոցի շինարարությունը կավարտվի հոկտեմբերի 1-ին:

Այցելելով Ռուսթավելի փողոց՝ նա շինարարներին հանձնարարեց փողոցի ու մայթերի միջև եղած անհամաչափությունը վերացնել՝ բնակիչներին անհարմարություն չպատճառելու համար:

ԽՍՀՄ տարիներին քարապատ Ռուսթավելին որոշ ժամանակ ասֆալտապատ է եղել: Ասֆալտի շերտը հեռացվելուց հետո փողոցին վերադարձվել է իր պատմական տեսքը, ու հենց այդ տեսքով էլ այն գրավչություն էր ապահովում զբոսաշրջիկների համար:

Հիմա փողոցը սալապատվելու է արտաքին տեսքից բավական լավ, կանոնավոր ուղղանկյան տեսք ունեցող նոր սալիկներով, իսկ փողոցի հին սալիկները, որոնք առկա էին դեռևս ցարական ժամանակներից, տեղափոխվել են «Սև» բերդին հարակից տարածք: Հին սալիկներն  արդեն իրենց դարն ապրել էին, մաշվել, սակայն նաև  իրենցից պատմական մեծ արժեք են ներկայացնում:

Լեհաստանում, Լիտվայում ևս կան Ռուսթավելիի նման փողոցներ: Մոսկվայի Կարմիր հրապարակի սալաքարերը բավական հին են, սակայն չեն հեռացվում, քանի որ իրենցից  պատմական արժեք են ներկայացնում:

Այժմ՝ տների վաճառքի մասին:

«Կումայրի» արգելոցի այն տարածքում, որտեղ շնարարական աշխատանքներ են իրականացվում, տեղի բնակիչներին առաջարկում են իրենց տները վաճառել, կամ օգտագործման հանձնել շինաշխատանքներն իրականացնող «Կումայրի Վերածնունդ» հիմնադրամին:

Իհարկե, միայն Գյումրու որոշ փողոցների հիմնանորոգումը (Ռուսթավելիին հաջորդելու է Շիրազի փողոցի հիմնանորոգումը) բավարար չէ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար: Այս պահին քաղաքում վերանորոգվում են նաև պատմական նշանակության շենքերը:

Մեր քաղաքի ամենագեղեցիկ շինություններից է Գյումրու հին թատրոնի շենքը:

Ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետի, այն պետք է ամրացնել, որը տևական ժամանակ է պահանջում.

«Թատրոնի շենքի շինարարության համար մոտ 40 ամիս նախատեսված է, որովհետև շատ բարդ կառույց է: Վերականգնվող շենք է, սակայն պետք է ամրացնել, ուսումնասիրություններ կատարել, որը տևական ժամանակ է պահանջում: Այն  վերականգնվում է Սիմոնյան կրթահամալիրի կողմից: Վերանորոգման համար նախատեսված է  նաև Աճեմյան 3 հասցեի շենքը, դա Մշակույթի նախարարության կողմից  է իրականացվելու: Գիտեք՝ մասնավորն էլ այդ տարածքում ներդրում է իրականացրել՝ թիրախավորելով պատմամշակութային արժեք ունեցող այն շենքերը, որոնք վթարային վիճակում են, և անպայման պետք է փրկել դրանք, որպեսզի չփլուզվեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հ. Գասպարյանը:

Վերջինս հավելեց, որ վերականգնվող շինությունների գումարների մասով տվյալներ չի կարող հայտնել, որովհետև հիմնականում դրանք հիմնադրամների կողմից են իրականացվում, քաղաքային բյուջեից հատկացումներ չկան, որպեսզի գումարների վերաբերյալ տվյալներ հայտնի:

Անահիտ Սիմոնյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս