«Կսեն՝ գարաժը երկու մեշոկ գիրք կա դրած, արի տար, որ զիբիլը չքցենք»

Գյումրիում տարեցտարի պակասում է գրավաճառների թիվը. գրքի պահանջարկը եւս նվազում է: Թեպետ էժան են վաճառվող գրքերը, այնուհանդերձ գնորդներ չկան: Մինչդեռ 1990-ականներին գիրք գնելու համար հերթեր էին գոյանում ինչպես գրախանութներում, այնպես էլ փողոցներում: Այս մասին գրում է asparez.am-ը։

Հանրապետության 2-րդ քաղաքում կա 5 գրավաճառ, ովքեր ունեն իրենց հիմնական հաճախորդները. գրավաճառներն անկեղծանում են` ընթերցողների թիվն աստիճանաբար նվազում է, էժան գնով գիրք ձեռք են բերում հիմնականում Հայաստանը լքող քաղաքացիներից, ովքեր մեկ գիրքը գրավաճառին վաճառում են 50 դրամով կամ պարզապես անհատույց նվիրում են:

55-ամյա Արմեն Ղոնթախչյանը Գյումրու գրավաճառներից մեկն է, նա արդեն մի քանի տարի է, ինչ Գյումրու կենտրոնական մարդաշատ փողոցներում է զբաղվում գրքերի վաճառքով: Ա.Ղոնթախչյաննին կարելի է հանդիպել Գյումրու Անկախության հրապարակում: Գրավաճառը դժգոհ է, ասում է, որ մարդիկ ընթերցանությամբ գրեթե չեն զբաղվում:

«Համեմատած 90-ական թվականների հետ, հիմա քիչ են կարդում, բայց, ընդհանուր առմամբ, կարդացողներ կան: Դաստիարակությունից է գալիս: Գիրք չեն առնում, ասում են՝ մենք բջջայինով ավելի լավ ենք կարդում»,-ասում է գրավաճառը:

Կարդացեք նաև

Տարիներ առաջ Ա. Ղոնթախչյանը ցանկացել է բարձրագույն կրություն ստանալ, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, բայց երկրաշարժից հետո ուսումը շարունակել չի հաջողվել: Այսօր նա ցավով է նշում, որ նոր սերունդն ընթերցասեր չէ եւ ընդհանրապես ուշադրություն չի դարձնում գրքերին:

«2000-ականներին ծնված երեխաները ընդհանրապես գիրք չեն կարդում, չեն էլ նայում գրքերի վրա: 50 տարեկաններն են գիրք կարդում, ովքեր դեռ առողջություն ունեն: Հիմա մոտս «Երեխաների առաջին խնամքը» գիրք կա, բայց հղիները չեն առնում, ասում են՝ պետք չէ, կոմպերի մեջը կա»,-ասում է նա եւ շարունակում գրքերը դասավորել, այս ու այն կողմ տանել-բերել:

Ա. Ղոնթախչյանը պատմում է նաեւ, որ գրքերը ձեռք է բերում անհատ մարդկանցից, ովքեր աղբանոց չգցելու համար իրեն են տալիս, որպեսզի վաճառի:

«Ասում են՝ արի գրքերը տար, թե չէ կքցենք պեշկը, կվառենք կամ կտանինք զիբիլնոցը կքցենք»։

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս