Քաղաքական պահի հասունացման տեսությունը

Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելու դիմագծի մասին հասատատումները սկսել են հնչել միջազգային կառույցներում: Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բարբարոսությունների մասին թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ուղարկել էին թղթածրար Ադրբեջանի կողմից գործի դրված ամենաանմարդկային վայրագությունների վերաբերյալ:

Փաստացի այս տվյալները, լուսանկարները եւ պատերազմական օրենքները գլխիվայր շրջող բոլոր գործողություներին համարժեք գնահատական տալու արձագանքներ չէին լսվում:

Զուգահեռ Բաքուն խեղաթյուրելով իրողությունները, հակաքայլերով փորձում էր միջազգային շրջանառության մեջ դնել հակափաստարկները:

Այժմ Ադրբեջանի ռազմական հանցագործի դիմագիծը սկսել է բացահայտվել. փաստերի մասին հաստատումները դուրս են եկել հայկական պետական շրջանակներից եւ հնչում են միջազգային կառույցներում: Զուգահեռ, բուլղարական թերթի բացահայտումները Ադրբեջանի կատարած հսկայական օժանդակություններին ` աշխարհին սպառնացող միջազգային ահաբեկչությանը, հետզհետե ապահովում են համարժեք հնչեղություն մանավանդ, որ հետաքննություն սկսելու պահանջներ սկսել են լսվել միջազգային մակարդակում:

Թվում է, որ այս երկու ուղղությունների զուգահեռականացումը պատահական չէ: Հայկական կողմի նկատմամբ միջազգային արձագանգ սկսում է լսվել այն ժամանակ, երբ այս դեպքում օրինակ, եվրոպական եւ ադրբեջանական շահերն են  հակադրվում իրար:

Եվրոպային սպառնացող միջազգային կրոնական ծայրահեղական ահաբեկչությանը Բաքվի կողմից հրապարակված տարողություններով օժանդակելը հարվածում է համաեվրոպական շահերին: Ապրիլյան պատերազմից համարյա մեկ ու կես տարի հետո կատարված այս բացահայտումներն ու գաղտնազերծումները մղում են եվրոպական շրջանակներին անդրադառնալու այն ամենին, որոնց մասին իրազեկվել էին գրեթե մի տարի առաջ։

Պարզ է, որ քաղաքական դիրքորոշումները, բարձրաձայնումները ունեն պահի ընտրության տրամաբանություն: Այս դեպքում այդ պահը եվրոպական եւ հայկական մոտեցումների համընկումն է: Բայց կարեւորը այն է, որ այդ պահի հասունացման եւ համընկեցման համար հայկական կողմը աշխատանք է տարել։

Այսինքն, փաստահավաքը կատարված, դասավորված, թղթածրարի կազմությունից հետո միջազգային կառույցների սեփականությունը դարձած: Այս իրազեկումից հետո պահի հասունացման համար, այլ խոսքով եվրոպական եւ հայկական շահերի համընկման կետերի ձեւավորման համար անհրաժեշտ էր աշխատել:

Թվում է, որ պատահական չեն բուլղարական թերթի կատարած փաստաթղթային գաղտնազերծումները: Միջազգային լրատվամիջոցները յուրացրել են գաղտնազերծումներով զգայացունց գայթակղություններ առաջացնելու մշակույթը: Այդ բացահայտումները զուտ լրագրողական բնույթ չեն ունենում ընդհանրապես: Որոշ կենտրոններից պատվեր են ստանում, ֆինանսավորվում, բայց մանավանդ տվյալներով, տեղեկություններով եւ փաստերով սնուցվում: Այսպիսով, չորրորդ իշխանությունը ստեղծում է կացություն` ազդելու քաղաքական գործընթացների վրա:

Բուլղարական թերթի կատարած հարուստ թղթածրարի գաղտնազերծումը կարելի է դիտարկել այս տեսության օրինաչափությունները նկատի ունենալով: Եւ անկախ հայկական կողմի կատարած աշխատանքից, արժե մտածել, թե մերօրյա միջազգային ահաբեկչության շարժումներին եւ տվալներին տիրապետող ինչ տեսակի կենտրոն է նման հսկայածավալ նյութ տրամադրել այս դեպքում եվրոպական լրատվամիջոցին:

Այս բոլորը իրենց ազդեցությունն են ունենում, որպեսզի եվրոպական խորհրդարանի նիստերի ընթացքում հնչեն այնպիսի տեսակետներ, որոնք կընդգծեն, որ Բաքուն իր ժողովրդին սեփական վահանի է վերածել, բնակելի շրջաններում տեղակայելով բազմակողմանի հրթիռային համակարգ, թե Բաքուն չկատարելով Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ արգելակելով մշտադիտարկման ու հետաքննության գործողությունների իրականացումները, պատճառ է դառնում միջադեպերի զարգացման ու մագլցողականության, թե Բաքուն ապրիլյան պատերազմին գործել է ռազմական հանցագործությունների աղաղակող գործողություններ: Այլ խոսքով, եվրոպական խորհրդարանում այսօր հնչում են այն հաստատումները, որոնք հնչեցրել էր եւ շարունակում է հնչեցրել  հայկական կողմը:

Քաղաքական պահի հասունացման տեսությունը գործում է: Իսկ այդ պահի հասունացման մեջ երեւում է հայկական կողմի նպատակային աշխատելը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս