Բաժիններ՝

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և AMCHAM-ի Խորհրդի այցը՝ Ամուլսար ծրագրի և ContourGlobal հիդրոկասկադի տարածք

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի (AMCHAM) խորհրդի անդամները այցելեցին hուլիսի 5-6-ին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գտնվող «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի շինարարության հրապարակ և բացահանքերի տարածք և ContourGlobal-ի հիդրոկասկադ (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր) Սյունիքի մարզում:

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը տարբեր ոլորտների ավելի քան 100 բիզնես կազմակերպություններ միավորող առաջատար միություն է: Իսկ պալատի Խորհրդի անդամները ներկայացնում են Հայաստանում ԱՄՆ կապիտալով գործող առաջատար ընկերություններին:

Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու ContourGlobal-ը ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններն են:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018թ-ին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ: Իսկ առավելագույն 1300 աշխատատեղ նախատեսվում է ստեղծել՝ շինարարության ամենակտիվ փուլում, այնուհետ ապահովելով 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:

Կարդացեք նաև

ContourGlobal ընկերությունը զբաղվում է ջերմակայանների և վերականգնվող էներգիայի ծրագրերի նախագծմամբ և շահագործմամբ: Ընկերությունը տնօրինում, տիրապետում և շահագործում է մոտ 4,000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ 62 էներգակայան, որոնք գտնվում են 20 երկրներում և 3 մայրցամաքներում: Ընկերությունն ունի BBB միջին կշռված սուվերեն վարկանիշ և գործունեության ընթացքում կիրառում է տարբեր տեսակի վառելիք, տեխնոլոգիաներ և սարքավորումներ:

2015թ. հուլիսին, տեղական դուստր ընկերություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության կողմից ձեռք բերվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ, որը 404.2 մեգավատ ընդհանուր հզորությամբ երեք հիդրոէլեկտրակայանների համալիր է, որը տարեկան կտրվածքով արտադրում է միջինը 1.16 մլրդ կիլովատ/ժամ էներգիա:

Դեսպան Ռիչարդ Միլսն ու AMCHAM-ի Խորհրդի անդամներն այցելեցին Ամուլսար ծրագրի շինարարության հրապարակ և մոտակա Գնդեվազ համայնքը, որտեղ ծանոթացան Լիդիանի աջակցությամբ իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերին: 2006 թվականին Ամուլսարում հետախուզական աշխատանքներ սկսելուց հետո Լիդիանի ներդրումները Ամուլսարի մոտակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կազմել է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: Երկօրյա այցելությունն ավարտվեց Որոտանի Համալիրի այցով:

Դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանի տնտեսական զարգացման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների կարևորության մասին:

«Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» և Որոտանի հիդրոկասկադում «Կոնտուր Գլոբալի» ներդրումները եղել են վերջին տարիների խոշորագույն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Այս ներդրումների հաջողությունը ի ցույց է դնում գործարար դաշտում հավասար պայմանների ապահովման և նպաստավոր ներդրումային միջավայր ձևավորելու Հայաստանի կառավարության հանձնառության կարևորությունը: Ես հատկապես ուրախ եմ նկատել, որ այս ներդրումներով Հայաստանում ոչ միայն տնտեսական հնարավորություններ են ձևավորվում, այլ նաև ի հայտ է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Որպես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության աջակից՝ մենք հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրում ոսկու կորզման աշխատանքները նոր ուղենիշ կդառնան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ թափանցիկության, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության և արդյունավետ կառավարման հարցերում», – ասաց դեսպան Միլսը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն և AMCHAM-ի Խորհրդի անդամ Հայկ Ալոյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Միլսին և AMCHAM-ի Խորհրդին կատարած այցելության համար և հավելեց. «Լիդիան ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրագործել միջազգայնորեն ընդունված լավագույն մեթոդներով և բնապահպանական ու սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ապացուցել, ինչպես հանքի շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, որ սոցիալական տեսանկյունից պատասխանատու բիզնես իրականացնելը ոչ միայն հնարավոր է, այլև շահավետ է Ընկերության համար: Մենք հավատացած ենք, որ Լիդիանի և Contour Global-ի Հայաստանում կատարած ներդրումները կնպաստեն Հայաստանի ճանաչմանը միջազգային ներդրումային շուկայում և կարող են գրավել ավելի շատ ներդրումներ՝ ի շահ մեր երկրի»:

AmCham-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը, ով հանդիսանում է նաև «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ասաց հետևյալը. «Անչափ կարևոր է գիտակցել Լիդիանի և ContourGlobal ընկերությունների կողմից կատարված ներդրումների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Խոսքը ոչ միայն ֆինանսական արդյունքի, այլ առաջին հերթին աշխատանքային մշակույթի, առողջության և անվտանգության բարձր չափանիշների, թափանցիկության և օրենքի շրջանակներում գործելու և կայուն սոցիալական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է: Սա հենց այն արժեքներն են, որոնք Lydian և ContourGlobal ընկերությունները պատրաստ են խթանելու Հայաստանի տնտեությունում գալիք տարիների ընթացքում:»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս