Բաժիններ՝

«Այսօր մենք համաճարակային իրավիճակ չունենք Հայաստանում». Արա Ասոյան

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը վստահեցնում է՝ Հայաստանում՝ Երևանում, որևիցե մարզում և շրջանում, այս կամ այն վարակիչ հիվանդության աճ, բարձրացում չկա։ Պարզապես, ըստ մասնագետի՝ ժողովուրդը պետք է հետևի այն սննդին, որն օգտագործում է։

«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից մեկն է, որտեղ ձմռան և ամռան ջերմաստիճանի տատանումը մինչև 65 աստիճանի է հասնում, բայց, ցավոք սրտի, բոլոր հայերը չեն, որ ելնելով դրանից՝ սնունդ են տարբերակում։ Մենք և՛ ձմռան ցրտին, և ՛ամռան շոգին գրեթե նույն ճաշատեսակներն ենք ուտում տարբեր առիթների դեպքում։ Խոզի խորովածներն են՝ ծանր ուտելիքները, իսկ ամռանը կա սննդատեսակ, որից պետք է հրաժարվել և մինիմումի հասցնել՝ կաթնեղենը, սունկը»,- նկատեց Ա. Ասոյանը։

Խոսելով այն մասին, որ պետք է շատ ջուր խմել ամռանը, բանախոսն ասաց. «Ես ուզում եմ զգուշացնել և կրկնել՝ շատ ջուր խմում է այն մարդը, որը շատ ջուր է կորցնում քրտինքի միջոցով։ Մարդիկ կան, որ շոգի ժամանակ քրտնում են, բավականին շատ կորցնում են, և, բնականաբար, նրանք պետք է ջուր խմեն, որ վերականգնեն այդ կորուստները։ Բայց ընդհանրապես դա դարձնել նորմա, որ բոլորս անխտիր պետք է օրական 3 լիտր ջուր խմենք, իրականությունից, մեղմ ասած, բավականին հեռու է»։

Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնականությունը, բայց այսօր դա էլ է խախտվել։ Ինչպես տեղեկացրեց համաճարակաբանը՝ այս պահին Կիևում սարսափելի գրիպի համաճարակ է. այն աստիճան, որ այնտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ 171 մահվան դեպք կա միայն գրիպից և սուր շնչառական հիվանդություններից։

Կարդացեք նաև

«Վիրուսներն իրենց հատկությունները փոխել են։ Ջրծաղիկը նախկինում ունենում էինք միայն տարվա ցուրտ ամիսներին, իսկ հիմա ունենում ենք կլոր տարին՝ ամռան շոգին ջրծաղիկով հիվանդացողներ ունենք։ Սովորաբար ամռան շոգին բնորոշ են լինում աղիքային վարակիչ հիվանդությունները, մենք դա էլ չունենք։ Այսօր մենք համաճարակային իրավիճակ չունենք Հայաստանում»,- ասաց Ա. Ասոյանը։

Մասնագետը խորհուրդ տվեց ամռան ընթացքում օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր, հեղուկ, եթե այն կորցնում ենք. «Հայաստանում աճող բոլոր մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար են։ Ես միշտ մեր գյուղմթերքների շուկան մի լավ դեղատուն եմ համարում, որտեղ օգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ կա»։

Ա. Ասոյանի գնահատմամբ՝ թունավորումների առումով ամենածանր տարին 2015 թվականն էր։ 2015 թվականից առ այսօր լուրջ իրավիճակ չենք ունեցել, իսկ այդ տարի 13 լուրջ դեպքեր են եղել։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված թունավորումների նվազումը, նա պատասխանեց. «Եթե դուք փորձեք մեր երկրում կատարվող երևույթների մեջ լավն էլ նկատել, պատասխանը կգտնեք։ Կան կառույցներ, որոնք ավելի զգոն են դարձել։

Նախկինում արգելված էր որևէ սննդի օբյեկտ գնալ, ստուգել, և դրանից առաջ էլ պետք է 3-5 օր առաջ զգուշացնեին, որ գնում են ստուգելու. դա էլ արդեն թատրոն էր դառնում։

Այսուհետ բոլոր ծառայությունները խստացվել են, Ջրմուղն էլ է բավական խստացրել իր հսկողությունը՝ մատակարարող ջրի առումով, սննդամթերքի վրա աշխատող համապատասխան տեսչությունները՝ նույնպես։ Առողջապահության նախարարությունը ևս լուրջ աշխատանք է կատարում։ Այն, որ համաճարակային իրավիճակ չունենք, դա ինչ-որ մի լավ աշխատանքի արդյունք է»։
Խոսելով բնապահպանների բարձրացրած խնդրի մասին, թե բոլոր՝ քաղաքային, մարզային բուժհաստատություններում կա՞ն հակաթույներ, պարոն Ասոյանն ասաց.

«Ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ առողջապահության նախարարի հրամանով՝ դեռ տարվա սկզբին Հայաստանի բոլոր բուժհիմնարկները ձեռք են բերել համապատասխան հակաթույներ, այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութեր։ Եթե նույնիսկ գտնվի մի հիվանդանոց, որտեղ չկա հակաթույն, վստահ եղեք, որ կողքի հիվանդանոցում կա, և անմիջապես տեղ կհասցնեն, միշտ էլ մենք այդպես աշխատել ենք»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս