Բաժիններ՝

Չինաստանը 100-­հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-­ի հետ սահմանում. Yomiur

Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100­-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-­ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-­ի զինված ուժերի պատրաստության մակարդակը: Այդ մասին հայտնել է Yomiuri ճապոնական թերթը՝ հղում անելով Չինաստանի աղբյուրների, այդ թվում՝ զինվորական:

Նախազգուշության այս ուժեղացված միջոցները, ըստ այդ տվյալների, ձեռնարկվել են ապրիլի կեսից: Ինչպես արդեն տեղեկացվել է, Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում: Կորեայի Հանրապետության կողմից դրանց մասնակցում է «Վան Գոն» էսկադրային ականակիրը՝ 4,4 հազար տոննա ջրատարողությամբ, իսկ ամերիկյան կողմից՝ Wayne E. Meyer էսկադրային ականակիրը` 9,2 հազար տոննա ջրատարողությամբ, որը հանդերձված է Aegis մարտական կառավարման տեղեկատվական համակարգով: Դրանք կանցկացնեն մարտավարական զինավարժանքներ եւ հրաձգություններ, հայտնել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:

Ընթացիկ շաբաթվա վերջին ամերիկյան Carl Vilson ավիակիրը համատեղ զինավարժանքներ կանցկացնի հարավկորեական նավերի հետ: Նաեւ նշվում է, որ ապրիլի 25-­ին Կորեայի Հանրապետության հարավի Պուսան նավահանգիստ կմտնի աշխարհում խոշորագույն Michigan ատոմային սուզանավը:

ԱՄՆ­-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար: Դրանից ոչ շատ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «վերջապես լուծել» ԿԺԴՀ-­ի հիմնախնդիրը:

Արտակարգ խորհրդակցությանը, որը կկայանա ապրիլի 26­-ին Սպիտակ տանը, կմասնակցեն Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը քանիցս աճող անհանգստություն է հայտնել Փենյանի կողմից հրթիռային եւ միջուկային փորձարկումների անցկացման առիթով, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես հենց ԱՄՆ­-ի, այնպես էլ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս