«ԵՄ-ին անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվե չի լինելու». Թերեզա Մեյ
Եվրամիությունում անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-ասել է նա BBC-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ է կատարել Brexit-ին վերաբերող իր խոստումը:
2016 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ բրիտանացի ընտրողների գրեթե 52 տոկոսը քվեարկեց Brexit-ի օգտին, երկրում արշավ սկսվեց երկրորդ հանրաքվեն անցկացնելու համար:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կրկնական հանրաքվեի մասին առցանցհանրագիրը մի քանի միլիոն ստորագրություն է հավաքել:
Ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա:
Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգսթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:
Ապրիլի 18-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին: