Ադրբեջանա-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցի է ձերբակալվել
Ադրբեջանաիրանական սահմանի Ասթարա սահմանային մաքսակետում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել է Իրանից մոտ 2 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Փորձագիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ առգրավված զանգվածը հերոին տեսակի թմրամիջոց է: Ադրբեջանում թմրամոլության մակարդակը գնալով աճում է, 2016-ի դրությամբ եղել է 28500 գրանցված թմրամոլ, որի 60-70 տոկոսը կազմում են
երիտասարդները:
Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տվյալներով Ադրբեջանում տարեկան շրջանառվում է 1 տոննայից ավելի թմրանյութ:
Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին modern.az լրատվական կայքին հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանում պաշտոնապես հաշվառված 28 հազար 656 թմրամոլներ կան, որոնցից 554-ը՝ կին:
Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը հայտնել էր, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ Ադրբեջանի բանտերում դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:
Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել էր, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4րդ եւ 5րդ դասարանի աշակերտների մեջ եւս:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն ԱդրբեջանԹուրքիաԻրան ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ’ «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից:
Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:
2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից: