Մարին Լը Պենը Եվրամիությունը մեծ պարտություն է համարում
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն է համարել ներկայիս Եվրամիությունը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 14-ին լեհական Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամբողջ Եվրամիությունը պարտություն է, ասել է նա: Հատկապես եվրոյի գոտին»: «Խոստացված բարեկեցության փոխարեն տնտեսական միությունը գրեթե ամենուրեք հանգեցրել է գործազրկության եւ վատ վարձատրվող աշխատանքի՝ միաժամանակ աշխատողներին տրամադրելով միմյանց դեմ»,-հավելել է քաղաքական գործիչը:
«Սկզբում սահմաները բաց էին ապրանքների համար, որոնք ստեղծում էին վատ վարձատրվող աշատողները՝ զրկված սոցիալական երաշխիքներից: Այնուհետեւ թույլատրվեց զանգվածային ներգաղթ՝ մարդասիրական գործողությունների քողի ներքո:
Օրինակ՝ գերմանացիներն, ընդունելով 1,5 միլիոն լրացուցիչ ներգաղթյալների, անպատասխանատու քաղաքականություն են վարում, որը հանգեցնում է աշխատողների շրջանում մրցակցության աճի: Արտադրողների միջեւ այդ անազնիվ մրցակցությունը սոսկ մեծացնում է հակասությունները հասարակության մեջ»,-պարզաբանել է Լը Պենն՝ առաջարկելով վերջ դնել «ազատ մրցակցության դոգմային»:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն որակել է «բրիտանացի ժողովրդի հեղափոխություն ընտրախավերի դեմ, օրինակ Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։