«Ռուսաստանին պետք է համոզել ավելի բաց համագործակցություն ծավալել ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ». Նաում Կաց

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ-ի հարցում որոշակի պաուզա էր վերցրել»,- այս մասին այսօր Երևան-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ մինսկյան տաղավարից ասաց «Ձեռնարկատիրության հանրապետական կոնֆեդերացիայի» իրավաբանական անձանց միության փոխնախագահ Նաում Կացը՝ անդրադառնալով Բելառուս-ԵԱՏՄ տարաձայնություններին և Բելառուսի ակնկալիքներին ԵԱՏՄ-ից։

Բանախոսն ասաց, որ վաղը Ղրղըզստանում մեկնարկելիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստն այնքան էլ թեթև ընթացք չի ունենալու, քանի որ ԵԱՏՄ-ն բաղկացած է տնտեսական խնդիրներ ունեցող երկրներից, իսկ միակ լոկոմոտիվը Ռուսաստանն է՝ այն դեպքում, երբ ԵՄ-ում նման երկրները մի քանիսն են, ինչը հեշտացնում է այդ միության աշխատանքը։

«Ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրների դիրքերն այնքան էլ ամուր չեն, քանի որ այն ամենի մասին, ինչ մենք ակնկալում ենք՝ ֆինանսական, տեխնոլոգիական դոտացիաներ, ներկայացվածություն այն շուկաներում, որոնք ավելի մեծ են, քան մեր շուկաները, և այլն, և այլն, քիչ ենք խոսում, բայց չէ՞ որ այս հարցերը մշտապես նկատի ենք ունենում և նման ակնկալիքներ ունենք։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը ստորագրեց ուշացումով, վաղը կայանալիք գագաթաժողովից առաջ, քանի որ ԵԱՏՄ-ի առնչությամբ որոշ մտավախություններ ուներ։ Նա ըստ էության պաուզա էր վերցրել մտածելու համար, թե ինչ ենք մենք ստանում, կորցնում այս միությունում, քանի որ մեր երկրում ոչ այնքան պարզ իրավիճակ է, քանի որ մենք մեր ներքին խնդիրներն ունենք»,- ասաց Նաում Կացը՝ շարունակելով, որ պետք է մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք ունակ կլինեն համոզել ավելի հզոր գործընկերոջը՝ ավելի բաց համագործակցություն ծավալել մյուս երկրների հետ։

Նրա համոզմամբ՝ չպետք է լինի այնպես, որ մի երկիրը ձեռք բերի, մյուսը՝ կորցնի, պետք է հավասարակշռված լինի ամեն բան։

«Դրանից է բխում հիմնականում այն զգուշավոր դիրքորոշումը, որը ստանձնել է Բելառուսը։ Բոլորը լարված են, քանի որ ակնկալում են օգուտներ քաղել հզոր ֆինանսատնտեսական գործընկերոջից, բայց այդ երկիրը ևս իր շահերն ունի։ Ուստի հույս ունեմ, որ վաղը կառուցողական երկխոսություն կծավալվի»,- նկատեց բելառուսցի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս