Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր արտագնա դատական նիստն անցկացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում:

Արտագնա նիստում հետազոտվեցին հենց այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուսը» եւ սպանության ենթադրյալ կատարողների Վազ «2107»-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ արտագնա նիստ անցկացնելը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հնարավոր չի եղել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղից շարժել եւ բերել դատարանի բակ, քանի որ նշված մեքենան զրահապատ է:

«Դռների մեջ ավազ է լցված: Երկու քարշակ են բերել, սակայն անիվները տրաքել են»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս անձամբ եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում եւ համոզվել, որ այդ տարածքը հարմար է արտագնա նիստ անցկացնելու համար, բացի դա հարմար է նաեւ ամբաստանյալների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Նշենք, որ նախորդ նիստին դատավորը հայտարարել էր, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես նման ռիսկի չեմ գնա»,- ասել էր նա:

Ոստիկանության տասնյակ աշխատակիցների հսկողությամբ հետազոտվեց Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Զննությամբ պարզվեց, որ մեքենայի դռները ժամանակին կնքված են եղել, հետո դրանք բացվել են. այսինքն՝ իրեղեն ապացույցը կնքված եւ պահպանված չէր, ինչպես պահանջվում է օրենքով: Մեքենայի դրսի հատվածում առկա էին տասնյակի հասնող հրազենային ժանգոտած վնասվածքներ: Այս մեքենան երկու տարի պահպանվել է այս տարածքում՝ բաց երկնքի տակ:

Իրեղեն ապացույց ճանաչված երկրորդ մեքենան՝ «Վազ 2107»-ը, որով ըստ մեղադրանքի, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ, ընդհանրապես կնքված չի եղել: Ավելին՝ այս մեքենայի ներսն ամբողջությամբ տանկուվրա էր արված: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ մեքենան թալանված է: Մեքենայից «բացակայում էր» նաեւ մագնիտոֆոնը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոստիկանության Էրեբունի բաժնի հերթապահ մասի պետի տեղակալ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեքենան այս վիճակում, ինչո՞ւ կնքված չէ:

– Էս մեքենայի կողքերը կնքված էր, տեղերն երեւում է, հիմա չկա, ինչո՞ւ:

– Կնիք ա եղել:

– Բա հիմա ո՞ւր է:

– Դե, էսքան ժամանակ այս մեքենան կանգնած է բաց երկնքի տակ, անձրեւ է եկել, թուղթը գնացել է վրայից:

– Բա ինչի՞ մի հատ հարմար տեղ չեք կանգնացրել:

– Բոլոր մեքենաներն էլ այս տարածքում են կանգնած:

Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց Հարությունյանից՝ ընկած թուղթ չենք տեսնում, որ թղթերը ընկել է՝ վերցնող եղե՞լ է: «Դե, կարող ա չի ընկել, բաց երկնքի տակ կանգնած է եղել»,- ի պատասխան ասաց Էրեբունու բաժնի հերթապահ մասի պետի տեղակալը: «Ձեր պահպանության տակ է եղել, պարտավոր էիք պահպանել»,- նկատեց Սահակյանը:

Զննումից հետո՝ դատարանի դահլիճում, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն առաջիկայում միջնորդություն կներկայացնի զննված մեքենաները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ երկու մեքենան էլ պատշաճ պահպանված չէին ու չեն կարող իրեղեն ապացույցի նշանակություն ունենալ: Լուսինե Սահակյանի խոսքով՝ «Լեքսուսի» վրա դեռեւս մնացել էին պատռված թղթի կտորներ, ինչ-որ ժամանակ այդ մեքենայի դռները հնարավոր է՝ փակ են եղել, բայց հետո թղթերը պատռվել, դռները բացվել են, մեքենայի ներսում միջամտություն է եղել: Ինչ վերաբերում է Վազ «2107»-ին, ապա դռներն ընդհանրապես կնքված չէին, դռները բացված էին, «ամեն ինչ քանդռտված էր», մեքենան թալանված էր: Նրա կարծիքով՝ նման իրավիճակում մեղադրողը պիտի որ հրաժարվի զննված երկու մեքենաներին իրեղեն ապացույցի նշանակություն տալուց:

Մեղադրող դատախազը, սակայն հայտարարեց, որ պատշաճ քրեաիրավական ընթացակարգով զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված երկու մեքենաները, դրանք «ըստ էության՝ պահպանված էին»,- ասաց նա: Մեղադրողն առաջարկեց՝ եթե պաշտպանական կողմը հայտարարություն ունի, թե մեքենայից ինչ-որ բան է բացակայում, կարող է հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալ:

Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ զննված «Լեքսուսի» վրա՝ արտաքինից, առկա էին վնասվածքներ, զննության մասնակիցները դրանք տեսան: Իսկ թե մեքենան կնքված էր կամ կնքված չէր, դա «Լեքսուսի» պարագայում էական չէ:

Ի պատասխան մեղադրողի պնդումների, Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Շատ եմ զարմանում մեղադրողի դիրքորոշումից: Եթե զննված իրեղեն ապացույցները պահպանված են, ուրեմն՝ ես էլ իրավաբան չեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս