Եգիպտոսում պարզել են ահաբեկչություն կատարողների ինքնությունը. Egypt News
Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված է: Ինչպես հայտնել է Egypt News թերթը, դրանք առայժմ նախնական տվյալներ են, որոնք հաստատված չեն իշխանությունների պաշտոնական
հայտարարություններով։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26-ամյա եգիպտացին, ծնունդով երկրի հյուսիսի Նեղոսի դելտայի Շարքիայի նահանգի Մինյա Էլ Քամհ քաղաքից: Այս նահանգը գտնվում է Ալեքսանդրիայից ոչ հեռու եւ գործնականում՝ Գարբիայի նահանգի հարեւանությամբ, որտեղ Տանտայում որոտացել է երկու պայթյուններից մեկը:
Երիտասարդը մի քանի ամիս հաշվապահ Է աշխատել Քուվեյթում, որտեղից մեկնել է Թուրքիա, այնուհետեւ 2013 թվականին հայտնվել է Սիրիայում: Նրա բնակության վերջին վայրը եղել է Հյուսիսային Սինայը, որտեղ գտնվում են «Անսար Բեյթ ալ Մաքդիս» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարները, խմբավորում, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին, ծնունդով Գարբիայի հարեւան Քաֆր Էշ Գեյխի նահանգից: 2013 թվականին նա թողել է կնոջը եւ երեք երեխաներին եւ մեկնել Սիրիա, որտեղից՝ Լիբանան, այնուհետեւ կրկին վերադարձել է Սիրիա:
ԻՊ-ն, որը նախօրյակին ստանձնել է Եգիպտոսի եկեղեցիներում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ավելի քան 40 մարդ, նույնպես այդ մարդկանց անվանել է ահաբեկչական գործողությունների կատարողներ եւ սպառնացել Եգիպտոսում նոր գրոհներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: