«Հետընտրական զարգացումների պարագայում ինձ կտեսնեք արդարության կողքին և անարդարության դեմ». Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարմանընտրությունների անկախ դիտորդ է, ում վստահված են Կենտրոն համայնքում տեղակայված երկու՝ 9/47 և 9/48 տեղամասերը:
168.am-ի հետ զրույցում դերասանը զերծ մնաց բարձրաձայնելուց, թե ում օգտին է տվել իր ձայնը՝ դա պայմանավորելով անկախ դիտորդ լինելու և, հետևաբար՝ չեզոք դիրքերից հանդես գալու հանգամանքով: Միաժամանակ դերասանը նկատեց, որ մինչ այս ժամն իրեն վստահված տեղամասերում առանձնապես խոշոր ընտրախախտումներ չի գրանցել, հանձնաժողովի աշխատանքը նորմալ է, իսկ ընտրությունների ընթացքը ժամը 15:20-ի դրությամբ գնահատում է բավարար:
«Խնդիրներն ավելի շատ համակարգային բնույթ են կրում, օրինակ՝ կահույքի դասավորման, որը կար նաև այն ընտրատեղամասում, որտեղ ես կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը: Եթե անգամ լինում են խախտումներ, հանձնաժողովի նախագահն արագ կանխում է դրանք, արձանագրություններ են կազմվում, և այլն»,- ասաց նա:
Դերասաննայսօր ընթացող համապետական ընտրության հետ կապված ակնկալիքների հարցը բնորոշում է շատ դժվար և հավելում.
«Չգիտեմ՝ ինչ եմ սպասում: Դեռ տեսնենք՝ ի՞նչ է կատարվում, հետո կտեսնենք՝ ինչ ակնկալել: Ամեն անգամ ընտրություններից սպասում ենք, որ երկիրը, անկախ ամեն ինչից, մի քայլ առաջ կգնա, բայց, ցավոքսրտի, այդպես չի լինում»:
«Եթե ակնհայտ խախտումներ ու անարդարություններ լինեն, ուրեմն, բնականաբար, կլինեն նաև հետընտրական զարգացումներ, չկա ուրիշ ճանապարհ,- ասում է դերասանը և հավելում,- Մարդ էակն այնպիսին է, որ անարդարության դեմ դժգոհում ու բարձրաձայնում է, մենք էլ տաքարյուն ժողովուրդ ենք, ուրեմն պետք է որ այսպես լինի, հուսով եմ»:
Հետընտրական զարգացումների պարագայում Հայկ Մարությանին կարող ենք տեսնել արդարության կողքին և անարդարության դեմ: Սա, դերասանի բառերով արտահայտած՝ սեփական դիրքորոշումն է: