Ընտրատեղամասերում կուտակումների պատճառը քվեարկության կարգի փոփոխությունն է

Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերում մեկնարկել է ժամը 8­-ից: Երեւանի Ավան համայնքի 1/12 ընտրատեղամասում առավոտից նկատվում են կուտակումներ:

«Արմենպրես»­ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Հասմիկ Բաբայանը մարդկանց աննախադեպ մասնակցության պատճառով չկարողացավ նշել, թե ժամը 9.30-­ի դրությամբ քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը: «Կուտակումների պատճառը նաեւ քվեարկության կարգի փոփոխությունն է: Մարդիկ չգիտեն ծրարը որտեղ պետք է գցել: Մենք փորձում ենք ուղղորդել իրենց»,­-հավելեց նա:

«Իրավունքի Եվրոպա» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Մելիքյանի խոսքով` ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-­ին: «Ընտրությունների ընթացքը գնահատում եմ բավարար: Միակ խնդիրն այն է, որ մարդիկ լավ տեղեկացված չեն քվեարկության կարգից, եւ մենք օգնում ենք մարդկանց, որպեսզի նրանց ձայնը տեղ հասնի»,­-ասաց նա:

Ավան համայնքի 1/12 ընտրատեղամասում գրանցված են 1879 ընտրող: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-­ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը`915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Տեսանյութեր

Լրահոս