Միջադեպ. «Տղաներ, մի շտապեք, ես դեռ վերադառնալու եմ». Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է Գագիկ Բեգլարյանին
Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ միացմամբ ասաց, որ իր թիմակիցները, որոնք քարոզչություն են իրականացնում Երևանի Խորենացի 47 հասցեով, ահազանգել են, որ 10-15 հոգանոց խումբը մոտեցել է նրանց և զգուշացրել, որ այդ տարածքում քարոզչություն չիրականացվի, որովհետև դա «իրենց բակն է, իրենց հայաթն է»:
«Եթե այդ հասցեն ձեզ ոչինչ չասեց, ասեմ, որ Կապի և տրանսպորտի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանենց հայտնի հայաթն է, այսպես կոչված, Մետաքսի հայաթը: Դեռևս մեկ շաբաթ առաջ ես այս բակի կապակցությամբ դիմել եմ Ոստիկանություն, որովհետև այդ տարածքում պատռում էին «Ելք» դաշինքի պաստառները, սա հերթական այն դեպքն է, երբ Ոստիկանությունը պտիչկա դնողի դերում է:
Ես Երևանում լինելուն պես՝ անձամբ ինքս այդ բակում կիրականացնեմ քարոզչություն: Կարծում եմ՝ պարոն Բեգլարյանի շրջապատի ներկայացուցիչները փորձում են օգտվել իմ բացակայությունից, բայց տղաներ, մի շտապեք, ես դեռ վերադառնալու եմ»,- ասաց Ն. Փաշինյանը՝ նշելով, որ իրենք կատարվածի համար արդեն Ոստիկանություն են դիմել: