Բաժիններ՝

Մխիթարյանը՝ Ղազարյանի վնասվածքի, 20-րդ գոլի և հանդերձարանում տիրող տրամադրության մասին

Աշխարհի 2018 թվականի առաջնության որոկավորման խաղում Հայաստանի հավաքականը կարողացավ 2:0 հաշվով հաղթել Ղազախստանի ընտրանուն: Այս խաղից հետո լրագրողների հետ զրուցել է առաջին գոլի հեղինակ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Առաջին խաղակեսում լավ էինք հանդես գալիս, բայց չէր ստացվում իրացնել գոլային պահերը: Երկրորդ խաղակեսում հակառակն էր: Մինչև գոլերը մի փոքր պասիվ էինք, սակայն հաջողվեց գոլ խփել, ինչը ամենակարևորն է: Մեր ձեռքում էր խաղի թելը և կարողացանք խաղն ավարտին հասցնել»:

Ըստ Մխիթարյանի՝ ֆուտբոլն անկանխատեսելի է և չես կարող նախագծել՝ որ խաղակեսում գոլ խփել: Հայ ֆուտբոլիստը նշում է, որ կարևոր է այն, որ թիմը մինչև վերջ հավատաց իր ուժերին և կատարեց այն, ինչ պահանջել էր մարզիչը:

Մխիթարյանը նշում է, որ շատ հաճելի էր տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ, բայց իրենց համար էլ ավելի հաճելի կլինի, որ մարզադաշտում ավելի շատ մարդ կլինի, քանի որ իրենք խաղում և հաղթում են հենց երկրպագուների համար:

Խոսելով Գևորգ Ղազարյանի վնասվածքի մասին՝ Մխիթարյանը նշում է, որ վնասվածքը այնքան էլ չփոխեց թիմի պլանները, քանի որ Գևորգը փոխարինվեց հենց առաջին րոպեին: Ըստ Մխիթարյանի՝ Ղազարյանին փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ ամեն ինչ անում էր թիմին օգնելու համար:

«Առողջություն եմ մաղթում Ղազարյանին, քանի որ դա ամենակարևորն է: Ղազարյանի առողջությունը ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»:

Մխիթարյանը նշում է, որ սովորություն չունի գնահատել իր խաղը, քանի որ ինքն անում է ամեն բան հավաքականին օգնելու համար:

«Երբեմն հավաքականին օգնել ստացվում է, երբեմն՝ ոչ: Ես միշտ չեմ կարող հավաքականի տանել իմ հետևից, բոլոր ֆուտբոլիստները պետք է ունենան այդ պատասխանատվությունը»:

Վերջին անգամ պաշտոնական խաղում գոլ էի խփել կարծես 3 տարի առաջ՝ Դանիայի հետ խաղում: Ինչևիցե: Միշտ հաճելի է գոլեր խփել հավաքականի կազմում: Գոլս կարևոր չէ, կարևոր է այն, որ հավաքականը կարողացավ 3 միավոր վաստակել»:

Վերջում Մխիթարյանը լրագրողներին պատմեց, թե ինչ տարամդրություն էր տիրում հանդերձարանում: Ըստ Հենրիխի՝ հավաքականի տղաները ուրախ էին և տոնում էին հաղթանակը, բայց դրա հետ մեկտեղ փորձում էին հանգստանալ, քանի որ ծանր աշխատանք էին տարել: Հենրիխը նշում է, որ ամենից կարևոր է այն, որ հավաքականի անդամները իրենց ակումբներ կվերադառնան բարձր տրամադրությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս