Բաժիններ՝

Հայաստան-Ղազախստան. Ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները մարզիչները

Աշխարհի 2018 թվականի առաջնության որոկավորման փուլի հերթական հանդիպումը տեղի կունենա Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ղազախստանի ընտրանուն:

Այս խաղից առաջ թիմերի պատրաստության, նպատակների և հնարավորությունների մասին են խոսել հավաքականների մարզիչները: Առաջինը մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Ըստ գլխավոր մարզչի՝ երկու հավաքականների ետնապահ լինելը չի նշանակում, որ չի լինելու համառ և լարված պայքար:

«Երկու հավասարազոր թիմեր եմ և մենք բարդ խաղ ենք սպասում: Ուսումասիրել ենք Ղազախստանի հավաքականի խաղը, չնայած այն բանին, որ ամեն ինչ արվում էր, որ մենք չդիտենք»:

Արթուր Պետրոսյանը խոսել է նաև հավաքականի ֆիզիզկական վիճակի մասին և նշել է, թե ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները:

Հավաքականը Հայաստան է ժամանել առանց վնասվածքների, սակայն ոչ բոլոր ֆուտբոլիստները մարզավիճակ ունեն: Հավաքականի կազմում թեթև վնասվածք ուներ Արթուր Քարտաշյանը: Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ թեթև վնասվածք ունի նաև Հովհաննես Համբարձումյանը, ում մասին վերջնական որոշում կկայացվի վաղը:
Չնայած վնասվածքի մասին խոսակցություններին՝ Արթուր Պետրոսյանը նշում է, որ Մխիթարյանը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին:

Ըստ հավաքականի մարզչի՝ առայժմ այնքան էլ լավ մարզավիճակում չէ Արաս Օզբիլիսը, քանի որ վերջին շաբաթների ընթացքում նա ընդամենը մեկ ընկերական խաղի է մասնակցել: Նույնը կարելի է ասել Մկոյանի մասին, ով վնասվածքից հետո միայն 2 շաբաթ է, ինչ մարզվում է:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ ցավում է Մանոյանի վնասվածքի համար, քանի որ նա շատ լավ մարզավիճակում է և նրա բացը շատ կզգացվի:

Ներքին առաջնությունում հանդես եկած ֆուտբոլիստների մասին հարցին ի պատասխան Արթուր Պետրոսյանը նշում է, որ կան թեկնածուներ, որոնց խաղը մարզիչները դիտարկում են:

«Մենք վերլուծել ենք Ղազախստանի հավաքականի խաղը: Պայքարող և ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, ով ամբողջ խաղի ընթացքում պրեսինգի է դիմում: Մրցակցի թույլ կողմերի մասին կխոսենք միայն խաղից հետո»,- նշում է Արթուր Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանի խոսքով՝ նախորդ խաղից հետո տրամադրվածությունը դրական է և թիմը ամեն բան անելու է հաղթանակի համար: Հավաքականը այժմ մարզվում է նոր մարտավարությամբ, ինչի շնորհիվ ավելի հարձակվողական ֆուտբոլ է խաղալու: Ըստ գլխավոր մարզչի՝ հարձակվողական գծում լինելու են փոփոխություններ, այնպես, որ միայն Մխիթարյանն ու Ղազարյանը չլինեն:

«Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Երկրպագուներին խնդրում ենք, որ գան մարզադաշտ և աջակցեն մեզ»:

Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը նշում է, որ ֆուտբոլը թիմային խաղ է և իրենք չեն կենտրոնանալու միայն առաջատարների վրա:

«Ֆուտբոլի պատմությունից հասկանում ենք, որ ֆուտբոլը խաղում են 11 հոգի և սա թիմային խաղ է: Բոլոր թիմերում էլ կան Մխիթարյանի նման առաջատարներ: Մենք աշխատում ենք այնպես անել, որ ցուցադրենք թիմային ֆուտբոլ, քանի որ միայն թիմը կարող է իրական խնդիրներ լուծել: Անգամ պահեստային ֆուտբոլիստներն են թիմի հետ մեկ միասնականություն կազմում»:

Բորոդյուկը Հայաստանի հավաքականը համեմատել է Կիպրոսի հավաքականի հետ՝ նշելով, որ այս երկու երկրներում էլ ֆուտբոլիստները ունեն ֆիզիկական լավ պատրաստականություն:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք խաղալու են ֆուտբոլի թիմ մեկ սկզբունքով՝ հաղթել:

«Վաղվա խաղում կարևոր է ամեն բան: Կարևոր է թե՛ վարպետությունը, թե՛ ֆուտբոլիստների անհատականությունը: Երկրպագուներին լավ խաղ է սպասում: Ըստ օրենքի՝ հաղթում է ուժեղագույնը»,-նշել է Բորոդյուկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս