Մոռացեք ակնոցի մասին. 2017թ. տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել 10 վայրկյանի ընթացքում
Likeni.info կայքը գրում է. բժիշկ Գարտ Ուեբը հայտարարում է, որ ստեղծել է լինզաների նոր տեսակ։ Լինզայի այս նոր տեսակը տեղադրվում է աչքի ներսում և ազատում տեսողության հետ կապված բոլոր խնդիրներից։ Ըստ կայքի՝ վիրահատությունը կարող է կատարվել առանց հոսպիտալացման և նույնիսկ առանց անեսթեզիայի։ Լինզան իմպլանտավորվում է կլինիկայում։ Աչքի մեջ մտցվում է ֆիզիոլոգիական լուծույթ, որը 10 վայրկյան անց միանում է աչքին և ապահովում իդեալական տեսողություն։
Ըստ բժշկի՝ այս լինզաները ոչ միայն պրակտիկ են և արագ են տեղադրվում, այլև շատ հարմար են, առավել անվտանգ, քան լազերային վիրաբուժությունը, որը կարող է բարդությունների հանգեցնել, եթե վնասվի աչքը։ Ըստ կայքի՝ այս դեպքում բարդություններ չեն առաջանում, բացի այդ՝ լինզաները կրող անձինք կատարակտի խնդիր չեն ունենա։ Շուտով կսկսվեն փորձարկումները, նախ՝ կենդանիների վրա։ Բժշկի խոսքով՝ նոր լինզաների վրա աշխատանքը տևել է 8 տարի, և 2017թ. դրանք հասանելի կլինեն մարդկանց։ Սահմանված է տարիքային սահման. լինզաները կտեղադրվեն այն հիվանդների աչքերում, ում 25 տարին լրացել է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը