«Հիմնական դերակատարների միջև սուր ընտրապայքար չկա, թաքնված պայքար կա». քաղտեխնոլոգ
«Ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երկու ուժերի` ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա նշեց, որ այս պահի քարոզարշավը ցույց է տվել, որ այդ ուժերի մեջ դեռևս սուր պայքար չի ընթանում: Նրա խոսքով՝ գոնե բաց հարթակներում, որտեղ ներկայացված են ՀՀԿ ու «Ծառուկյան» դաշինքի անդամները, միմյանց չեն քննադատում:
«Շատ անգամ այս վիճակը զավեշտի է հասնում, օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի վերաբերյալ պրետենզիաներ էին ներկայացնում, անմիջապես կանխարգելեց` ասելով, թե՝ մի քաղաքականացրեք: Հիմնական դերակատարների միջև սուր ընտրապայքար չկա, կարծում եմ` թաքնված պայքար կա, քանի որ ընտրությունները մնում են ընտրություններ, անգամ նույն կուսակցության անդամներն են բախվում, նույնիսկ հասավ դանակահարության»:
Վ. Հակոբյանի դիտարկմամբ՝ այս պահին ՀՀԿ-ի հիմնական թեման դարձել է ապագան, խնդիր է դրված՝ չհիշել անցյալը. «Ամեն ինչ արվում է, որ վարչապետի վարկանիշը կոնվերտացիա արվի ՀՀԿ-ի վրա: ՀՀԿ-ի ոճով են շարժվում նաև «Ծառուկյան» դաշինքի անդամները՝ նրանց մոտ ամեն բան կապվում է Գագիկ Ծառուկյանի անձի հետ»:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ «Հայկական Վերածնունդն» ավանդական պոպուլիզմով է զբաղված. «Միշտ եմ ասել, որ Արթուր Բաղդասարյանն այն գործիչներից է, որը կարողանում է օդում որսալ, թե լսարանն ինչ է ուզում լսել: Այդ առումով ինքն իրեն չի դավաճանում՝ բանակ, արագաչափեր, ավանդներ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախկին այն կուրաժը, դրայվն այնտեղ չկա, նոր քայլեր չկան»:
Վ. Հակոբյանը կարծում է՝ ի սկզբանե բարդ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանի» վիճակը.
«Քանի որ այս մրցակցության պայմաններում, երբ ոչ իշխանական հարթակում ընտրելու բան կա, նրանց վիճակը բարդ է՝ ունեցած հետագծի մասով: Այն, ինչի մասին խոսում են, հետո իրենց դեմ է կիրառվում. խոսում ես բանակում չարաշահումների մասին, հիշեցնում են: Կարծում եմ՝ վերջին մի քանի օրը նկատելի է, որ ՕՐՕ-ն ավելի է ագրեսիվանում ու սկսում տեղավորվել արմատական դաշտում: Ոչ միայն ՕՐՕ-ն, այլև «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» մինչև քարոզարշավի ավարտը կսկսեն արմատականացնել իրենց գաղափարախոսությունը»: