«Իմ վրա էնպիսի բաներ են ասել, ավելի վատ բաներ են եղել, որ կաշիս արդեն հաստացել է». Արկադի Տեր-Թադևոսյան

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մասնակցությունը Վայքում ՀՀԿ-ի քարոզարշավին եւ ՀՀԿ-ական վարչապետի ու երկու նախարարների կողքին նույն հարթակում կանգնելը տարակուսանքի տեղիք տվեցին։ Թերթի թղթակիցը զրուցել է Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ

– Միայն Վա՞յքն էր, թե՞ մյուս հանդիպումներում եւս կարող է մասնակցեք քարոզարշավին։

– Ես ազատամարտիկների հետ եմ հանդիպում, ամեն տեղ կան ազատամարտիկներ, մենք գնացինք Վայքի ազատամարտիկների հետ հանդիպեցինք, այսինքն՝ ամեն տեղ ազատամարտիկների հետ ենք հանդիպում, այլ ոչ թե․․․

– Դուք Սեյրան Օհանյանի հետ էլ լավ հարաբերություններ ունեք, եւ Ազատամարտիկների դաշինքն ու շատ այլ ազատամարտիկներ Օհանյանի դաշինքի կողքին են կանգնել։ Հնարավո՞ր է, որ Դուք Ձեր ԴՕՍԱԱՖ-ով Սեյրան Օհանյանի թիմին եւս աջակցեք։

– Ո՞նց թե, շատ մոտ եմ, Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել։ Բայց ես ասում եմ՝ կան ազատամարտիկներ, որ գալիս են մեր մոտ, հետո մեր մոտից գնում են էնտեղ։ Ես իմ ԴՕՍԱԱՖ-ի կողմից եմ խոսում, ես պատրաստ եմ մեր ԴՕՍԱԱՖ-ն ավելի ընդլայնել, որ զբաղվի մեր ապագա զինվորների մարտական պատրաստվածությամբ։ Բայց ես նորից եմ ասում՝ ես ոչ մեկին չեմ ուզում աջակցել, ես ունեմ կանոնադրություն, մեր ԴՕՍԱԱՖ-ի կայքում կա դա, եւ ես առաջնորդվում եմ այդ կանոնադրությամբ։

-Ամեն դեպքում՝ պարտադի՞ր է, որ Դուք քարոզարշավի շրջանակներում հրապարակային բարձրանաք բեմահարթակ ու կանգնեք ՀՀԿ-ականների կողքին։

– Ես ասեմ՝ ես չեմ ասում, թե ինձ տարեք, ուղղակի էնտեղ ցուցակ կա, թե ով պետք է բարձրանա, մենք էլ բարձրանում ենք։

– Դա Ձեր հեղինակության վրա չի՞ ազդում։ Հասարակությունը, ամեն դեպքում, ցավով ընդունեց դա՝ տեսնելով Ձեզ նրանց կողքին։

– Ես քո հետ համաձայն եմ, ռուսերեն ասում են՝ это еще цветочки, завтра будут ягодки, այսինքն՝ ավելի թունդ բաներ կգրեն ու կասեն։ Ես դրանք կայքերի մեջ նայել եմ, ու ես էն մարդն եմ, որ իմ վրա էնպիսի բաներ են ասել, ավելի վատ բաներ են եղել, որ կաշիս արդեն հաստացել է։ Բայց ես չեմ քննադատում նրանց։

– Այդուհանդերձ, դա նշանակո՞ւմ է, որ Դուք ընդունում եք ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը։

– Ես հիմի ասեմ․ բոլորի ծրագրերն ունենք, չէ՞։ Իմ առաջ ՀՀԿ-ի ծրագիրն է, որտեղ պաշտպանության մասով երկու տող է գրված։ Բայց էդ երկու տողն ինձ համար մեծ նշանակություն ունի, ու մեր հասարակական կազմակերպությունը պետական մակարդակով զինվոր է պատրաստում, ու էդ զինվորական պատրաստությունը երաշխավորում է Հանրապետական կուսակցությունն ու իրենց ղեկավարած պետությունը։

– Վիգեն Սարգսյանը, ըստ Ձեզ, կարողանո՞ւմ է այդ անվտանգությունն ապահովել։

– Վիգեն Սարգսյանը․․․ դու լավ գիտես՝ իմ մարտական ընկերը Սեյրան Օհանյանն է, ում հետ շատ լավ, ընկերական հարաբերություն ունեմ։ Իսկ Վիգեն Սարգսյանն էն մարդն է, որ, էսպես ասեմ, դու ֆուտբոլ ես խաղում, դու քո թիմի մասին ես մտածում, չէ՞։ Ինքն էլ հիմա բանակի մասին է մտածում եւ ինքն էդ պետական գործողությունների մեջ էնքան է փորձ ձեռք բերել, որ ուզում է մեր բանակն ավելի ուժեղացնի ոչ միայն զուտ բանակով, այլեւ այն լծակներով, որ ունի մեր պետությունը։ Այ, դա է ինձ դուր գալիս։

Նրա աշխարհայացքը մի փոքր ավելի լայն է այդ հարցում, քան ցանկացած ռազմական գործչինը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս