Հյութեղ խոստումների չորացած կողմերը

Այս ընտրարշավը տարբերվում է նախկիններից։ Տարբերվում է ոչ միայն փոփոխված Սահմանադրությամբ, այլև հենց ընտրարշավի բովանդակությամբ։

Նախ, կուսակցությունների նախընտրական ծրագրերն ու դրանց տնտեսական բաղադրիչները սկսել են ավելի շատ կարևորվել ու քննարկվել, քան նախկինում։ Առաջինն իր 15 տնտեսական առաջնահերթությունները հրապարակեց «Ծառուկյան» դաշինքը, և սոցցանցերում անմիջապես սկսեցին քննարկվել այդ կետերի հիմնավորվածությունն ու իրատեսականությունը։

Մարտի 5-ից հետո իրենց նախընտրական ծրագրերը հրապարակեցին նաև մյուս 8 քաղաքական ուժերը, և դրանք նույնպես դարձան քննարկման առարկա։ Սոցցանցերից բացի՝ ծրագրային դրույթները քննարկվում են նաև այլ ձևաչափերով՝ հեռուստատեսային բանավեճեր, քննարկումներ ԶԼՄ-ների հետ և հասարակական կազմակերպությունների միջոցով (օրինակ՝ «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկումը կամ վերջերս Մարիոթում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկումը)։

Տեսակետներ կան, որ հասարակությունը հիմնականում դուրս է այդ թեմաներից, և ծրագրերի խորքային քննարկումները նրան չեն հետաքրքրում։ Սակայն սոցցանցերի օգտատերերն ու տնտեսական լրահոսով հետաքրքրվող ընթերցողներն էլ ընտրազանգվածի մաս են կազմում (թեկուզ՝ ոչ այնքան մեծ), և նման ակտիվ քննարկում մինչ այժմ չէր եղել։

Սակայն ամենաուշագրավը դա չէ։ Ամենաուշագրավն այն է, որ առավել բուռն քննարկվում են ոչ թե՝ իշխող ՀՀԿ-ի, այլ՝ մյուս կուսակցությունների ծրագրերն ու խոստումները։ Մասնավորապես, հյութեղ խոստումներ տվող կուսակցություններից պարզաբանումներ են պահանջում, թե ինչպես են դրանք իրականացվելու։ Օրինակ՝ երբ մեկը խոստանում է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, մյուս կողմից՝ նվազեցնել հարկերը, հարցնում են՝ ինչպե՞ս է բյուջեն դուրս գալու այդ ամենի տակից։

Հնչում են նաև ավելի կոնցեպտուալ հարցեր՝ այնպիսի խոստումների շուրջ, որոնք ականջահաճո են եղել, սակայն ոչ ոք չի խորացել՝ ինչո՞ւ է այդ բանը ճիշտ անել։ Օրինակ, որոշ քաղաքական ուժեր խոստանում են ընդհանրապես հանել արագաչափերն ու տեսախցիկները, մյուսներն առաջարկում են վերացնել կուտակային կենսաթոշակի համակարգը, երրորդները՝ միանգամից դուրս գալ ԵՏՄ-ից և ինտեգրվել Եվրամիությանը։ Թվում է՝ կասկած չկա, որ այս խոստումները դրական են և մարդկանց սրտով են։ Սակայն հնչում է հարց՝ ինչո՞ւ, ի՞նչ օգուտ է տալու այդ քայլը, ու ի՞նչ վնաս։ Ու այդտեղ պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ընդդիմության փաստարկները երբեմն թույլ են լինում, իսկ երբեմն էլ պարզվում է, որ ծրագրային դրույթի տակ մասնագիտական հիմնավորումներ ու հաշվարկներ չկան։ Ասենք՝ մարդիկ վերլուծություն չեն արել, թե իրենց առաջարկած քայլը կյանքի կոչելու համար որքան լրացուցիչ ռեսուրս կպահանջվի, որն է այդ ռեսուրսի աղբյուրը, ինչ ազդեցություն է ունենալու այլ քայլը, ինչ ժամանակահատվածում, որոնք են լինելու կողմնակի էֆեկտները և այլն։

Ու հենց այս պատճառով, ոմանք ընդդիմության նախընտրական դրույթներն ու խոստումները որակում են՝ որպես ամբոխահաճություն կամ պոպուլիզմ։ Այսինքն՝ մեղադրում են քվե ստանալու համար անիրականանալի խոստումներով էլեկտորատին միտումնավոր խաբելու մեջ։

Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Կան, իհարկե, որոշ ուժեր, որոնց դեպքում պոպուլիստական հակումները տարիների փորձով են ապացուցված։ Կան նաև դեպքեր, երբ ակնհայտ անիրականանալի խոստումներ են հնչեցնում՝ ներքուստ համոզված լինելով, որ իրենք լավագույն դեպքում հաղթահարեն 5% կամ 7% նվազագույն շեմը։ Այնպես որ, խոստումն իրականություն դարձնելու պահանջ իրենց առջև չի դրվելու, ուրեմն ինչո՞ւ չխոստանալ թեկուզ անհնարինը։

Սակայն կան նաև դեպքեր, երբ ընդդիմադիր ուժը համոզված է իր ասած քայլերի արդյունավետության մեջ։ Ոչ խորը վերլուծության կամ անգամ ինտուիտիվ մակարդակով որոշ պնդումներ են անում, և այն հարցին ի պատասխան, թե դրա տակ մասնագիտական վերլուծություն կա՞, կամ պատասխանում են՝ այո, սակայն չեն հրապարակում այդ վերլուծությունը, կամ էլ անկեղծորեն պատասխանում են, որ դա հետո կանեն, երբ գան իշխանության։

Սակայն ընդդիմությանն այս հարցում մեղադրելն ինչ-որ տեղ սխալ է։ Խորը փաստարկված, գիտականորեն հիմնավորված անխոցելի ծրագիր գրելու համար պետք է աշխատի մի ամբողջ վերլուծական թիմ՝ think-tank, այն էլ՝ մի քանի ամիս։ Այդ աշխատանքը կա՛մ պետք է կատարվի սեփական ռեսուրսներով՝ կուսակցության անդամ մասնագետների միջոցով, կա՛մ, այսպես ասած, outsourcing-ով՝ վերլուծությունը պատվիրելով որևէ մասնագիտական կազմակերպության։ Առաջին տարբերակը հենց ստվերային կառավարության հիմքն է, երբ ընդդիմության թիմում կան յուրաքանչյուր ոլորտի մասնագետներ, որոնք ունեն իրենց մշակած ծրագիրն ու տեսլականը, գործող կառավարության անդամներից ոչ պակաս են տիրապետում թվերին և զարգացումներին և պատրաստ են ցանկացած պահի ստանձնել երկրի կառավարումը։ Նման մասնագիտական ռեսուրս մեր ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չունեն։ Չունեն նաև ֆինանսական ռեսուրսներ՝ աշխատանքն ուրիշներին պատվիրելու համար։

Ավելին, ընդդիմադիր դաշինքների մեծ մասը ձևավորվել է ընտրարշավի մեկնարկից 2-3 շաբաթ առաջ։ Դա չափազանց կարճ ժամանակահատված է՝ միասնական տեսլական մշակելու և մի քանի հոգով հիմնավորված ծրագիր գրելու համար։

Դրա համար էլ ընդդիմության ծրագրերը փաստարկվածության առումով խոցելի են։ «Ազատ դեմոկրատների» ծրագիրն այս առումով առանձնանում է, որովհետև դրա ծրագիրը գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական լաբորատորիան։ Ընդ որում, ոչ թե մի քանի օրում, այլ ենթադրում ենք, որ Բագրատյանն իր 133 կետերը մշակել է ավելի վաղ, քան որոշել է այդ կուսակցության կազմում մասնակցել ընտրություններին։ Այսինքն, ԱԴԿ-ն ունի համապարփակ և փաստարկված ծրագիր։ Սակայն վերջին 5 տարիների ընթացքում նույն Հրանտ Բագրատյանի հեղինակած բազմաթիվ օրինագծերի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել՝ տնտեսագիտական հակափաստարկներ ներկայացնելով։

Թե ինչու է այս վիճակը, և ինչու է ընդդիմությունը թույլ՝ այլ հարց է։

Այս առումով ամենաանխոցելի վիճակում ՀՀԿ-ն է։ ՀՀԿ (կամ, նույնն է թե՝ կառավարության) ծրագրի վրա աշխատել է մի ամբողջ պետական համակարգ՝ ներառյալ բոլոր նախարարությունների մասնագիտական ռեսուրսները։ Ու այս ամենով հանդերձ՝ ՀՀԿ-ի ծրագիրը բավականին զգուշավոր է. չկան տնտեսական տպավորիչ աճի, աշխատավարձերի էական բարձրացման մասին խոստումներ, և այլն։ Այսինքն՝ ամենից ոչ պոպուլիստական ծրագիրը ՀՀԿ-ինն է։

Ու այս ամենի հետևանքով ստեղծվել է տարօրինակ իրավիճակ։ ՀՀԿ-ն՝ իր նախընտրական ծրագրով ու տնտեսական դրույթներով, մի տեսակ դուրս է մնացել ուշադրությունից։ Իշխող կուսակցությանը գրեթե հարցնող չկա՝ 2012 թվականին հնչած խոստումների ո՞ր մասն է կատարվել, կամ ինչո՞ւ պետք է ձայն տան մի կուսակցության, որը 2016-ին զրոյական տնտեսական աճ է ապահովել։

Փոխարենը՝ ուշադրության կենտրոնում ընդդիմության ծրագրերն են, որոնք քննարկվում են փորձագետների, լրագրողների և մյուս ընդդիմադիր ուժերի կողմից։ Ավելի նախանձելի վիճակ իշխող կուսակցության համար դժվար էր պատկերացնել։ Այն աստիճանի նախանձելի, որ ՀՀԿ-ն անգամ չի արձագանքում անիրատեսական խոստումներ տվող ուժերին՝ թույլ տալով, որ դրանով զբաղվեն ուրիշները, իսկ ինքը հանգիստ զբաղվում է իր «գլամուրային» արշավով։

Տեսանյութեր

Լրահոս