Արթուր Սարգսյանի գիտակցությունը տեղն է. նա «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում է
Անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանն «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին ինչոր բան ասել հնարավոր կլինի միայն հետազոտությունից հետո: «Նախնական տվյալներով գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, զարկերակը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մակարյանը:
ՀՀ գլխավոր դատախազը մարտի 6ին բավարարել է Ազգային ժողովի 27 պատգամավորների միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Արթուր Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ազգային ժողովի պատգամավորների շրջանում Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու ստորագրահավաքը նախաձեռնել էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը: