«Եվրոպացիներն ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի և առաջ կընթանա ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրով». Պետո Դեմիրճյան

Այսօր ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել, որը մեկնարկել է փետրվարի 26-ին։ 2013թ. ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումից հետո՝ նախօրեին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում բանախոսներն ազդարարեցին մեկ տարի առաջ սկսված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Այսօր Սերժ Սարգսյանը դեռ պետք է հանդիպումներ ունենա Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և ԵՄ Բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, որ փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են, և դրանք արտահայտում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը։ «Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- իր խոսքում ասել է ՀՀ նախագահը։ Բանակցությունների ավարտին իրենց մեկնաբանություններով անդրադարձել են ԵՄ գրեթե բոլոր հեղինակավոր պաշտոնյաները՝ բանակցությունների ավարտը և համաձայնագրի ապագա ստորագրումը Հայաստանի համար երկրորդ հնարավորություն որակելով։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը բավականին «արդյունավետ, հարուստ» որակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի օրակարգը Բրյուսել, այն նույնիսկ համեմատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած բրյուսելյան այցի հետ՝ շեշտելով, որ Սերժ Սարգսյանի այցի օրակարգի հագեցվածությունն ու բովանդակությունն անհամեմատելի էր Ալիևի բրյուսելյան այցի հետ։ Ըստ նրա, դա մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Բրյուսելում հայտարարվեց բանակցային գործընթացի ավարտի մասին։ Պետո Դեմիրճյանն ասաց, որ դա գնահատելի ու սպասված էր բոլորիս համար։

«Ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն կարող ավելի լավ լինել, հատկապես նկատի ունենալով բանակցությունների ավարտը, ինչպես նաև երեք և ավելի տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը, երբ պետք է Ասոցացման համաձայնագիր կնքվեր, որից հետո շատ արագ ժամանակահատվածում հասանք այս դրական հանգրվանին։ Բնականաբար, միայն բարձր կարելի է գնահատել երեկ արված հայտարարությունն այն մասին, որ բանակցություններն ավարտվել են»,- դրականորեն նշեց Դեմիրճյանը։

Միաժամանակ՝ նա նշեց, թե պետք է տարանջատել բանակցությունների ավարտն ու համաձայնագրի ստորագրումը, քանի որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։ «ԵՄ օրենսդրության համաձայն՝ ընտրություններից քառասուն օր առաջ և քառասուն օր հետո ընդհանրապես համաձայնագրեր չեն ստորագրվում։

Այսինքն՝ մի փոքր ավելի երկար ժամանակ կպահանջվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար, որովհետև ստորագրությունը մեկ փուլ է, որին պետք է հաջորդի համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից, մինչ դա այն պետք է այդ լեզուներով թարգմանվի, բավականին ընթացք կա անցնելու, բայց ստորագրությունը կարելի է համարել իբրև մեկնարկ, իսկ տեխնիկական տեսանկյունից, ըստ էության, ժամանակ կպահանջվի։ Դրանից հետո համաձայնագիրն այլևս պաշտոնական կարգավիճակ կստանա»,- ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն։

Հարցին, թե ՀՀ ԵՏՄ անդամակցության պայմաններում Հայաստանը որքանո՞վ արդյունավետ կկարողանա իրականացնել այն բարեփոխումները, որոնք նախատեսվում են ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրով, Պետո Դեմիրճյանը պատասխանեց, որ թե ԵՄ-ն, թե ՀՀ-ն այս նոր համաձայնագրում արդեն նկատի են առել ՀՀ տնտեսական նոր պայմանավորվածությունը ԵՏՄ-ի հետ։ Ըստ նրա, այս նոր համաձայնագիրն այնպես է պատրաստվել, այնպես է համաձայնեցվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև, որ բացառվում են հակասությունները, հաշվի է առնվում ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին։

«Ուրեմն ոչ մի հակասություն չկա, և Հայաստանը կարող է իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք ենթադրվում են այս համաձայնագրով։ Եվրոպացիներն ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի և առաջ կընթանա, նույն այդ դրական մոտեցումը և կեցվածքը կա, քաղաքական կամքը ևս. հուսանք, կա, որ առաջ գնան այս նոր համաձայնագրով»,- նման հույս հայտնեց Դեմիրճյանը։

Անդրադառնալով 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում ծագած խնդիրներին՝ Պետո Դեմիրճյանն ասաց, որ 2013-ից հետո գրեթե երեքուկես տարի է անցել, շատ բան է փոխվել։ Ավելին, նրա համոզմամբ, ՀՀ-ն առաջ է գնացել թե ԵՄ-ի հետ իր հարաբերություններում, թե Ռուսաստանի։

«Ամեն դեպքում ես ցանկանում եմ դրական մոտենալ հարցին, որովհետև վերջիվերջո սա ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում ամենից լավ բանակցված փաստաթղթերից մեկն է ՀՀ ապագայի, բարեփոխման ճանապարհի համար։ Անձնապես կցանկանայի կենտրոնանալ դրականի վրա։ Պետք է լավ ընկալենք, թե ինչ է մեր առջև դրված, դրական մոտեցումով առաջ ընթանանք։ Խոչընդոտների հավանականություն միշտ կա ցանկացած կողմից, ցանկացած դեպքում, բայց ես ցանկանում եմ կենտրոնանալ այս դրական հանգրվանի վրա»,- ասաց Պետո Դեմիրճյանը։

Տեսանյութեր

Լրահոս