ԵՄ խորհուրդը հաստատեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացումը
Եվրամիության խորհուրդն այսօր որոշում կայացրեց Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզային ռեժիմի հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհուրդը։
«2017թ. փետրվարի 27-ին Խորհուրդը որոշում ընդունեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացման վերաբերյալ, որոնք ԵՄ են ուղևորվում 90 օրյա ժամկետով 180 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի ղեկավարները պետք է ստորագրեն ընդունված որոշումը։
Լրագրող Ռիկարդ Յոզվյակը ավելի վաղ հայտնել էր, որ այն կարող է ստորագրվել մարտի 1-ին։ Այնուհետ փաստաթուղթը պետք է հրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում ու ուժի մեջ մտնի դրանից 20 օր հետո։
Եվրախորհրդարանը փետրվարի 2-ին քվեարկել էր Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզայի չեղարկման օգտին։