Ֆլինի հրաժարականն ու Թրամփի բեկումը. ոուս-ամերիկյան սկանդալը կունենա՞ Ղարաբաղյան «հետքեր»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտնվել է մեկը մյուսին հերթ չտվող աղմկահարույց պատմությունների թիրախում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը նույնիսկ մեկ ամիս չպաշտոնավարեց, քանի որ 2016թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ «անկեղծ» հեռախոսազրույց էր ունեցել՝ այն դեպքում, երբ պաշտոնապես դեռ չուներ նման բանակցություններ վարելու իրավասություն։
Ավելին, Ֆլինը նորընտիր փոխնախագահ Մայք Փենսին հավաստիացրել էր, թե Կիսլյակի հետ զրույցներում քննարկվել են ընդհանուր թեմաներ և պատժամիջոցների չեղարկման հարց չի արծարծվել: Այնինչ պատկան մարմինները ներկայացրել էին ապացույցներ այն մասին, որ Ֆլինը և Կիսլյակը խոսել են պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին, ինչի իրավունքը Ֆլինը չի ունեցել։ Ֆլինի հրաժարականն իրական բեկում մտցրեց դեռևս նախընտրական շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում խոստացող ԱՄՆ նախագահի հռետորաբանությունում, և Ֆլինի հրաժարականին հաջորդեցին ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին կոշտ հայտարարությունները։ Նախ Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սպայսերը հայտարարեց, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանից ակնկալում է Դոնբասում տիրող լարվածության ապաէսկալացիա և Ղրիմի վերադարձ, այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում նշեց. «Ռուսաստանը Ղրիմը գրավել է Օբամայի օրոք։ Նա շատ մեղմ չէ՞ր Ռուսաստանի հանդեպ»։
Ըստ ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի՝ եթե դեռ երեկ Դոնալդ Թրամփի ընդդիմախոսները քննարկում էին նրա ձգտումը՝ ընդհանուր լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բացարձակապես պրագմատիկ տեսանկյունից, ապա Ֆլինի դեպքից հետո դիսկուրսը տեղափոխվեց բոլորովին այլ՝ անվստահության հարթություն, որտեղ մտահոգություններ կան առ այն, որ Սպիտակ տանն առկա են գործիչներ, որոնք Կրեմլի համար են աշխատում, ինչը չափազանց վտանգավոր է ԱՄՆ նոր նախագահի հեղինակության և քաղաքական ապագայի համար։ «Սկանդալը լռեցնելու և դրա հետևանքները վերացնելու համար Թրամփն այսօր պետք է հեռավորություն պահպանի Պուտինից որքան հնարավոր է շատ, շատ ավելի շատ, քան կարող էր պատկերացնել Օբաման։ Այնքան լուրջ հեռավորություն պետք է պահպանի, որպեսզի ոչ մեկը չկարողանա նույնիսկ պատկերացնել, որ Թրամփը երբևէ պատրաստվում էր ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել ՌԴ նախագահի հետ»,- կարծում է Վիտալի Պորտնիկովը։
Ռուս ընդդիմադիր հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու խոսքով՝ Ֆլինի աղմկահարույց հրաժարականի այս ողջ պատմությունը Կրեմլի համար նշանակում է, որ պետք է մոռանալ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերանայման, գործարքների, հակահիտլերյան կոալիցիաների և այլ ցանկությունների մասին, քանի որ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից պուտինիզմի նկատմամբ արձագանքն ընդհանուր առմամբ միայն կտրուկ է լինելու։ «Իսկ Պուտինի ուղղությամբ Թրամփի ցանկացած պուտինոֆիլ քայլը կնշանակի նրա համար անհապաղ քաղաքական մահ»,- նշում է Պիոնտկովսկին։
168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նախ ասաց, որ Թրամփը քաղաքականության մեջ նորեկ է, ուստի նրա քայլերին դժվար է այսօր միանշանակ մեկնաբանություններ տալը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, այս միջադեպը և դրա զարգացումն ամերիկյան մամուլում Թրամփին ստիպում են արհեստականորեն փոխել հռետորաբանությունը, քանի որ վստահության լուրջ դեֆիցիտ է առաջանում հասարակության շրջանում, հաշվի առնելով նաև Ֆլինի դեպքից առաջ հասարակական տրամադրությունները։
«Թրամփը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է ընթանալ այս տրամադրությունների թելադրանքով, փաստորեն այսօր և՛ սենատորները, և՛ առաջիկա օրերին արևմտյան առաջնորդները և գործիչները Մյունխենյան կոնֆերանսի ընթացքում նրան կհորդորեն կարծր դիրքորոշում ստանձնել Մոսկվայի հանդեպ, այս հռետորաբանությունը Թրամփն արդեն սկսել է, կարունակի՞ արդյոք՝ ամենայն հավանականությամբ՝ այո, և այդ քաղաքականության առճակատման կետն այսօր դառնում են Դոնբասն ու Ղրիմը, քան Սիրիան և այլ հակամարտությունները, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տարաձայնություններ ու հակասող շահեր ունեն։
Այնուամենայնիվ, սա նաև նշանակում է, որ պատժամիջոցների մեղմացում պետք չէ սպասել և պետք չէ ընդհանրապես չափազանցված սպասելիքներ ունենալ Թրամփի աշխատակազմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Այս օրերին Կոնգրեսը Թրամփին առաջարկում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, այս հարցում Թրամփի արձագանքը ևս կարևոր է լինելու հետագա զարգացումների տեսանկյունից։ Սա լակմուսի թուղթ կդառնա այն մասին, թե որքանով է պատրաստ հեռու գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հարցում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։
Անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության նոր ալիքի ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ եթե նույնիսկ այդ առճակատումը խորանա, այն այլ ճակատներ է ներառում՝ Դոնբաս, Ղրիմ, միգուցե՝ Սիրիա։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ըստ ավանդույթի, առաջ կտանեն շատ ավելի ցածր դիվանագետները, որոնք կշարունակեն իրենց երկրների ավանդական քաղաքականությունը։ Ասեմ նաև, որ այս հակամարտությունում դիվանագետներն առաջնորդվում են կոնկրետ այս հակամարտության տրամաբանությամբ և դինամիկայով, որը թելադրում են հակամարտող կողմերը, և ոչ՝ դրսի խաղացողները։ Ամփոփելով՝ ասեմ, որ կոնկրետ ազդեցություն չի լինի։ Թրամփի դիվանագետները կաշխատեն այնպես, ինչպես նախորդ նախագահների դիվանագետները՝ նույնիսկ ռուս-ամերիկյան ամենաթեժ հարաբերությունների փուլերում»,- ասաց Ռարը։