Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չեն լինի ՀՀԿ ցուցակում

ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Ինչպես այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այդպես է որոշել կուսակցության նախագահը։

Ըստ նրա՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինի ցուցակում, իսկ պատճառների մասին նա արդեն վաղուց խոսել է՝ բնակության վայրի հետ կապված խնդիրն է։

«Մեր ցուցակը բավականին մրցունակ է, բաղկացած է 64 հոգուց, այնտեղ կան և՛ մտավորականներ, և՛ գործող պատգամավորներ, և՛ մտավորականներ։ Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»,- ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հենց նա է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո, Շարմազանովը պատասխանեց, որ շատ էր խոսվում, որ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, որպեսզի դառնա ԱԺ նախագահ, բայց «այս անգամ էլ օդում քամի եղավ», իսկ թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, կերևա այն ժամանակ։ Նա հավելեց, որ ինչպես հայտարարվել էր, 2017-ին իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։

Հարցին, նպատակահարմա՞ր է սահմանային լարվածության պայմաններում պաշտպանության նախարարը զբաղվի քարոզով, Շարմազանովը նշեց, որ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է և օրենքով սահմանված ժամկետներում կզբաղվի քարոզչությամբ։

«Հանրապետական կուսակցությունը վճռական է գնալ բարեփոխումների հանրային կայնքի բոլոր ոլորտներում»,- վստահեցրեց Շարմազանովը։

Նա նշեց, որ համամասնական ցուցակի 2-րդ 5-յակը կարող է որոշ փոփոխություններ կրել, Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, Աշոտ Աղաբաբյանը ցուցակում չկան, Սամվել Ալեքսանյանը ռեյտինգային ցուցակում է։

Հիշեցնենք, որ ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Վիգեն Սարգսյան,
2. Տարոն Մարգարյան,
3. Արփինե Հովհաննիսյան,
4. Արա Բաբլոյան,
5. Արմեն Ամիրյան,
6. Արմեն Աշոտյան,
7. Էդուարդ Շարմազանով,
8. Մարգարիտ Եսայան,
9. Սամվել Ֆարմանյան,
10. Կարեն Ավագյան։

Տեսանյութեր

Լրահոս