«ԱԺ-ն երեկ մեռելատան էր նմանվել, որտեղ բոլորն ասում էին՝ վա՜յ, էս ինչ կատարվեց». Թաթուլ Հակոբյան

Այսօր «Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով քննարկման ժամանակ լրագրող Թաթուլ Հակոբյանն ասաց, որ Լապշինի արտահանձնումը հակամարտության կարգավորման գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենա.

«Մենք այս փոքր ճակատամարտում տանուլ տվեցինք, բայց ես չեմ համարում, որ սա շատ մեծ պարտություն էր: Սա մեր հերթական բացթողումն էր, ու նման բացթողումներ միշտ եղել են ու կլինեն: Այս ամբողջ պատմության մեջ ինձ ավելի շատ ուրիշ բան էր մտահոգում. մենք ինչ-որ անհասկանալի միավորումների մեջ ենք, որտեղ մեր դաշնակիցներն աշխատում են մեր դեմ: Ինձ ավելի շատ մտահոգում է, որ նույն ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր՝ Բելառուսն ու Ռուսաստանը, զենք են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Նույն ձևով ԵՏՄ-ն, որը, չես հասկանում՝ ինչ է ընդհանրապես, ինչ ենք մենք այնտեղ անում»:

Հետևաբար, ըստ լրագրողի՝ Լապշինի դեպքը լակմուսի թուղթ էր, որը հերթական անգամ երևան բերեց այս խնդիրները. «Սա բաց գաղտնիք էր, մենք բոլորս գիտենք: Բոլորս գիտեինք, որ Հայաստանին իր կամքին հակառակ տարել-մտցրել են ԵՏՄ-ի մեջ: Այդ որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը, և Սերժ Սարգսյանն էլ մի գիշերում չէր կարող այդ մասին ամբողջ հայ ժողովրդի կարծիքը հարցնել: Եվ սա այն դեպքն է, որ ցույց է տալիս՝ մենք պետք է մեկ անգամ ևս մտածենք, թե մենք որտեղ ենք»:

Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ում տիրող մթնոլորտին, Լապշինի արտահանձնման վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին, ապա լրագրողն ասաց, որ այդ տրագեդիան իր համար անհասկանալի էր.

«ԱԺ-ն երեկ մեռելատան էր նմանվել, որտեղ բոլորը ասում էին՝ վա՜յ, էս ինչ կատարվեց. է՜, չգիտեի՞ք:  Ես սխալ եմ համարում այս պահին արդեն որևէ քայլերի դիմելը, որովհետև արդեն ուշ է: Պետք էր քայլերն անել այն օրը, երբ Լապշինն ընկավ Բելառուս, և մենք հասկացանք, որ ինչ-որ բան կարելի է անել: Հենց այդ ժամանակ մենք պետք է դիմեինք Բելառուսում ՀՀ դեսպանին, որի անունը շատերն իմացան երեկ, ինչը միակ լավ լուրն էր հավանաբար, շուտ կանչեինք և քայլեր անեինք: Ոչ թե՝ ամեն ինչ վերջացել է, ու դու սգում ես: Է՜, հետո՞: Ազգային ժողովը հո մեռելատուն չէ՞, որ սգում եք»:

Արցախից տեսազանգով քննարկմանը միացած պատգամավոր Հայկ Խանումյանն էլ ասաց, որ մի բան հստակ է՝ Ադրբեջանն աշխատում է Արցախի տնտեսության կարևոր ճյուղերը թուլացնելու ուղղությամբ. «Ապրիլյան պատերազմի թիրախն այն շրջաններն էին, որտեղ զարգացած էր հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը: Մինչև այդ փորձում էին գյուղատնտեսական աշխատանքներին խանգարել, իսկ այժմ զբոսաշրջության ոլորտն է թիրախ ընտրվել, և Լապշինի դեպքը հենց այս համատեքստում է: Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան կազմում է մինչև 15 հազար արտասահմանցի: Այս թիվն անկում է ապրել, օրինակ՝ 2014 թվականի օգոստոսի դեպքերի ժամանակ, իսմ 2016 թվականին՝ ապրիլյան դեպքերով պայմանավորված»:

Տեսանյութեր

Լրահոս