«Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցություն չեմ պատկերացնում». Արմեն Մարտիրոսյան
Ընդդիմադիր դաշտում չկան այնպիսի ուժեր, որոնց հետ «Ժառանգություն» կուսակցությունը բացառում է համագործակցությունը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք կա՞ն ընդդիմադիր ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը։
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» որոշում է կայացրել բանակցել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այսօր Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ չեն բացառում համագործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ, ավելին, հույս ունեն, որ իրենց ցանկացած լայն դաշինքն իրականություն կդառնա։
168.am-ը Ա. Մարտիրոսյանից նաև հետաքրքրվեց, թե արդյոք պատրա՞ստ են շարունակել համագործակցությունն այն դաշինքների հետ, որոնց կմիանա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին դժվար է պատկերացնում, որ որևէ կուսակցություն գոնե հրապարակային Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցի։ Մեր ճշտող հարցին, թե նրա՝ որևէ դաշինքի միանալու պարագայում՝ կշարունակե՞ք համագործակցությունը՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի, որ ինքը պատասխանի այդ հարցին կոնկրետ իրավիճակի ժամանակ. «Այնպիսի հարց եք տալիս, որ ես ինքս դժվար եմ պատկերացնում։ Ինձ վերջերս շատ են մեղադրում, որ ես նախկին պաշտոնատար անձանց հետ համագործակցության կողմնակից եմ, բայց նույնիսկ այդ պարագայում Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցություն չեմ պատկերացնում»։
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս ընթացում կուսակցությունը լքողներ չեն եղել՝ բացի Անահիտ Բախշյանից։
Մանրամասները՝ 168.-ի տեսանյութում։