Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով նյութերը կտրամադրվեն կողմին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը։
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և պաշտպանական կողմից տրամադրել ապացույցներ։ Նա նշեց, որ դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը, հասկանալով, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, սկզբունքորեն հրաժարվել է այդ փուլում միջնորդություններ ներկայացնել։ Նա նշեց, որ քրեական գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ նախաքննության մարմնի կողմից քրեական գործի բոլոր նյութերն են ծանոթանալու տրամադրվել պաշտպաններին։
Մասնավորապես, ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ որպես դատավորին մեղսագրվող մեղադրանքը հիմնավորող փաստական տվյալներ են նշվել դատավորի, գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները, դրանց հետ կապված սկավառակներ, դատարանի որոշման հիման վրա Էլզա Զաքարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները պարունակող սկավառակները, դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ իրականացված արտաքին դիտում և ներքին դիտում, ինչպես նաև կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակները, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղադրված տեսագրող սարքի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակը։
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Արայիկ Ղազարյանն էլ ասաց, որ այս նյութերն էական նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար։ «Խսսքը սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի մասին է, դատավարության սկզբից կողմերը պետք է ունենան այն նյութերը, որոնք էական են, կամ իրենք համարում են, որ էական են՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար»,- ասաց պաշտպանը։ Կանգ առնելով Իշխան Բարսեղյանի նկատմամբ արտաքին դիտում և ներքին դիտում, ինչպես նաև կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակների վրա՝ Արայիկ Ղազարյանն ասաց, որ այս դատավարությունը մեկնարկելն առանց այս նյութերի և դրանց հիմքում ընկած փաստական տվյալների՝ իմաստազուրկ կլինի, եթե պաշտպանական կողմը չունենա դրանք։
Մեղադրողն ասաց, որ պաշտպանական կողմն է սայթաքել, համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, և հիմա փորձ է արվում դա վերագրել նախաքննության մարմնի կողմից իր պարտականությունները չկատարելուն: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց պաշտպանական կողմին տրամադրել նշված նյութերը։