Վրաստանում մարիխուանայի օգտագործումն այսուհետ թույլատրվում է
Վրաստանի Սահմանադրական դատարանը երկրի բնակիչներին թույլատրել է ոչ մեծ քանակությամբ մարիխուանա օգտագործել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Որպես թմրանյութի օրինական գործածության գլխավոր պայման է նշվում վաճառքի համար ոչ բավարար ծավալը:
Համաձայն դատարանի՝ այն դեպքերում, երբ խոսքը 70 գրամից ոչ ավել մարիխուանայի մասին է, գործնականում անհնար է ապացուցել, որ դրա տերը մտադիր էր վաճառել թմրանյութը: Դրա հետ կապված՝ դատարանն անմարդկային է համարել քրեական պատիժ սահմանել մարիխուանայի պահման ու գործածման համար:
Դեռևս արգելվում է ձեռք բերել այդ թմրանյութն անձնական նպատակներով, սակայն դատարանը պլանավորում է քննարկել ու անգամ չեղարկել այդ արգելքը:
Մինչ օրս Վրաստանի օրենսդրությունը նախատեսում էր վարչական պատասխանատվություն սահմանել, երբ մարդն առաջին անգամ բռնվում էր մարիխուանա գործածելիս և քրեական պատասխանատվություն՝ դրա կրկնության դեպքում:
Interfax-ի տեղեկություններով՝ նման թմրանյութի կրկնակի օգտագործման համար պատիժը կազմում էր մինչև 1 տարի ազատազրկում, իսկ թմրանյութի պահումն ու տարածումը ենթադրում էր մինչև 11 տարվա ազատազրկում:
Գործակալության հաղորդմամբ՝ մարիխուանան Վրաստանում ամենատարածված թմրանյութն է, այն օգտագործում է տեղի թմրամոլների երկու երրորդը: