Ով է կազմակերպել արտահոսքը Քլինթոնի փոստից. WikiLeaks
WikiLeaks կազմակերպության համար աշխատող բրիտանացի նախկին դիվանագետ Քրեյգ Մյուրեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է դարձել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստից հաղորդագրությունների արտահոսքի աղբյուրը:
«Արտահոսքերից ոչ մեկը չի ստացվել ռուսներից: Աղբյուրը տեղեկատվությունից օգտվելու օրինական հնարավորություն է ունեցել: Փաստաթղթերն ստացվել են ինսայդերական արտահոսքերի արդյունքում, այլ ոչ թե համակարգիչների կոտրանքի»,- ասել է Մյուրեյը դեկտեմբերի 15-ին Daily Mail թերթում հրապարակված հարցազրույցում:
Նախկին դիվանագետը, որը ժամանակին զբաղեցրել է Ուզբեկստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը, հրատարակությանը պատմել է, որ անձամբ է այդ նյութերի հետեւից գնացել Վաշինգտոն: Նրա խոսքով՝ փաստաթղթերը ձեռքից ձեռք են փոխանցվել Ամերիկյան համալսարանից ոչ հեռու գտնվող անտառային գոտում:
Ինչպես պնդում է Մյուրեյը, աղբյուրն այդ քայլին է դիմել Քլինթոնների Հիմնադրամի գործունեության շուրջ կոռուպցիան կտրականապես չընդունելու պատճառով եւ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարում Քլինթոնի հիմնական մրցակցի՝ Բեռնի Սանդերսի համար նախընտրական պայքարի աննպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արդյունքում՝ այդ մարդը որոշել է նյութերը փոխանցել WikiLeaks-ի ներկայացուցչին, բայց ոչ թե անձամբ, այլ միջնորդի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: