Բաժիններ՝

«Որքան էլ պատժի չափը մեծ լինի` իմ ընտանիքը ցմահ չի կարող մոռանալ այդ վիշտը». լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանն ու փաստաբանը մանրամասներ են ներկայացնում սպանությունից

2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին Եղիշե Խաչատրյանի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, և նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 04-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա հայհոյել ու բռնություն գործադրել Ե. Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել էր։

Դեպքը տեղի էր ունեցել Եղիշե խաչատրյանի 75-ամյա մոր աչքի առաջ, ով ևս մարմնական վնասվածքներ է ստացել։ Ներկայումս քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 6 անձ, որոնցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն և 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն։ Գործով անցնող մյուս անձը մեղադրվում է պարտակման մեջ։

Այսօր Փառանձեմ Մեյթիխանյանն ակնկալում է, որ դատաքննության ընթացքում լրատվամիջոցները նույն օբյեկտիվությամբ կլուսաբանեն, քանի որ ուզում է, որ «հանրությունը, բոլորն իմանան, որ Մեյթիխանյանը պայքարում է ոչ թե իր ամուսնու մահվան հանգամանքները պարզելու և արդար դատ տեսնելու նպատակով, այլ, որ նման դեպքերը բացառվեն, և, որ մեր հանրությունը հնարավորինս քիչ տեսնի նման կորուստներ»։

Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը։ «Եղիշե Խաչատրյանին պատկանող «Գազել» ավտոմեքենայով նրանք գալիս էին դեպի Երևանի կողմ։ Նրանց հանդիպակաց ավտոմեքենա էր սլանում՝ խախտելով երթևեկության բոլոր կանոնները, և Եղիշե Խաչատրյանին հաջողվեց արգելակել և խուսափել վթարից։ Այդ ընթացքում տուժող Էմմա Աբրահամյանը (խոսքը Եղիշե Խաչատրյանի մոր մասին է.- Օ. Հ.) ասել է՝ Եղիշե՛ ջան, փրկվեցինք։ Բայց, փաստորեն, դա ոչ թե փրկություն եղավ, այլ դիմացինների կյանքը փրկելը շատ ծանր ավարտ ունեցավ Եղիշե Խաչատրյանի համար։ Մեքենան կանգնում է, մեքենայի միջից դուրս են գալիս ակնհայտորեն ոգելից խմիչքների և, արդեն կարող եմ ասել, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 4 անձ։ Գործի հանգամանքներով պարզված է, որ դրանք են Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը և գործով որպես վկա անցնող աղջիկ։ Նրանք սկսում են վիճաբանել Եղիշե Խաչատրյանի հետ, մոր ներկայությամբ նրան սեռական բնույթի հայհոյանք են ուղղում, որից հետո Եղիշե Խաչատրյանը ստիպված է լինում իջնել մեքենայից, և այդ անձինք Եղիշե Խաչատրյանին այդտեղ անամոթաբար ենթարկում են դաժան ծեծի։ Երբ մայրը տեսնում է, որ կռիվն արդեն թեժացավ, իջնում է մեքենայից, այդ կինը խառնվում է, փորձում ինչ-որ կերպ ազատել տղային, օգնել, բերել այս կողմ, բայց հնարավոր չի լինում պրծացնել այդ գազանների ճիրաններից։ Այդ ընթացքում տեսնում է, որ ավտոտեխսպասարկման կետի տարածքից երեք հոգի էլ վազելով գալիս են։ Նրանցից մեկը գալիս և անմիջապես ինչ-որ բութ առարկայով հարվածում է Եղիշե Խաչատրյանի գլխին։ Վերջինս, արդեն գլուխը բռնած, ընկնում է հատակին, և նրանք 6-ով սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել Եղիշե Խաչատրյանին։ Գործով պարզվել է, որ մեկը ԴԱՀԿ ծառայող է, ով նախկինում դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով. տեղի էր ունեցել ավտովթար, որի զոհ էին դարձել երկու ուսանող աղջիկներ։ Այդ անձնավորությունը Խաչիկ Կոսյանն է, ով ԴԱՀԿ ծառայող է։ Նույն օրը Խաչիկ Կոսյանը ներկայացել է, հարցաքննվել, դրանից հետո՝ արդեն ձերբակալվում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ քանի որ մեղադրյալ Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ ծառայող է եղել, քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում. քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

inesa-petrosyan

Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ գործով առաջինը ձերբակալվել է Խաչիկ Կոսյանը, ում ճանաչել է Էմմա Աբրահամյանը։ Վերջինս որդու հոգեհանգստի օրը հրավիրվել է քննչական գործողության, քանի որ լրանում էր Խաչիկ Կոսյանի ձերբակալման ժամկետը։ Ըստ փաստաբանի՝ ճանաչման գործողության ընթացքում Էմմա Աբրահամյանը ճանաչել է այդ անձին։ Հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանը և Արարատ Նիկողոսյանը ներկայացել են մի քանի օր անց, նրանց սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ տուժող ճանաչված Էմմա Աբրահամյանը բոլոր ցուցմունքներում նշել է, որ որդուն սպանել են 6 հոգի. ի դեպ, ըստ փաստաբանի՝ կինը դեպքի ժամանակ գոռացել է՝ «միևնույն է, ես ձեզ ճանաչելու եմ»։ «Նույնիսկ, երբ որդին արդեն մահացած է եղել, նրանցից Արտաշես Չիչոյանը վերադարձել և նորից մեկ անգամ էլ գլխին հարվածել և գնացել է։ Պետք է նշել, որ շատ ծանր դեպք է, որովհետև երբ ուսումնասիրում ենք նաև դատաբժշկական փորձաքննությունը, ակնհայտ է, որ հարվածների քանակը 20-ից ավելի է, որոնցից մոտավորապես 10-ը կյանքին վտանգ սպառնացող են»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանն ասաց, որ ճանաչման քննչական գործողության ընթացքում տիկին Էմմա Աբրահամյանը ճանաչել է նաև մեղադրյալ Յուրի Հակոբյանին։ Ըստ նրա՝ թե ինքը, թե գործը քննող քննիչը զգուշացրել են կնոջը, որ դա շատ լուրջ քննչական գործողություն է, որը հետևանքներ է ունենալու այդ անձի համար. «Օրենքի տառի պահպանմամբ, ամենայն պատասխանատվությամբ վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կատարվեց այդ քննչական գործողությունը, և տիկին Էմման, ուսումնասիրելով չորս անձանց, որոնք բերվել էին և ներկայացվել ճանաչման, ցույց տվեց Յուրի Հակոբյանին»։ Ի դեպ, Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ հենց նրան է պատկանում մեքենան, որի հետ վթարային իրավիճակ է ստեղծվել։ Առերես հարցաքննության ընթացքում ևս, ըստ Ինեսսա Պետրոսյանի, սպանվածի մայրը պնդել է, որ նա եղել է առաջին եռյակում։

Փաստաբանն ասաց, որ Յուրի Հակոբյանի պաշտպանը նշել է, որ նախաքննական մարմնին ներկայացվել են այլուրեքությունը հաստատող հանգամանքներ. «Մինչդեռ պետք է ասեմ, որ գործի փաստական հանգամանքներով այլ բան է ապացուցված։ Դեպքը տեղի է ունեցել 23։05-ի սահմաններում։ Մենք արդեն ստացել ենք քրեական գործի նյութերը։ Ակնհայտ է, որ այլուրեքության մասին խոսք չի կարող գնալ, որովհետև Vivaro գրասենյակում տեսախցիկը նրան ֆիքսել է 23։40-ից հետո, երբ ամեն ինչ վերջացած է եղել։ Շտապօգնություն զանգ հնչել է 23։14 րոպեին։ Դա երևում է կանչի թերթիկից։ Յուրի Հակոբյանը մինչ այդ, ըստ քրեական գործի նյութերում առկա տվյալների, եղել է «Լիդո» ռեստորանային համալիրում՝ իր հարսանիքի հետ կապված հարցեր պարզելու համար։ Այդ ռեստորանը պատկանում է Արտաշես Չիչոյանի ընտանիքին՝ հորեղբոր սեփականությունն է։ Այդտեղ հավաքված են եղել Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանն իր մեքենայով։ Իրենք վարկած են առաջադրում, որ իբրև Արտաշեսը, Արարատը և այդ աղջիկն իր մեքենայով գնացել են, ինքն էլ այդտեղ մենակ կանգնած է մնացել։ Բայց նույնիսկ իրենց վկաներն էլ փաստում են, որ նրան տեսել են մինչև 22։30-ը։ Հետո 5 րոպե դրսում է եղել, և իրեն այլևս չեն տեսել։ Այդ ժամանակահատվածում, երբ այդ սարսափելի դեպքը տեղի է ունեցել, այլուրեքության մասին չի կարող խոսք գնալ»։

Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ գործով մեղադրյալների նկատմամբ դատատոքսիկաքիմիական փորձաքննություն է նշանակվել, և պարզվել է, որ նրանք գտնվել են թմրանյութերի ազդեցության տակ։ Բացի այդ, ըստ փաստաբանի խոսքերի՝ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի իրացման հետ կապված և առանձնացվել առանձին վարույթում։

Փառանձեմ Մեյթիխանյանն էլ կարծիք հայտնեց, որ քրեական գործով նախաքննության ընթացքում գաղտնալսումներ են իրականացվել, և, եթե նույնիսկ նախաքննական մարմինն այդքան էլ բավարար ապացույցներ չունենար, միայն գաղտնալսումներով հստակ երևում է յուրաքանչյուրի մասնակցությունը սպանությանը։ «Այդ թվում՝ Արարատ Նիկողոսյանի, որն իր բերանով խոստովանում է իր ընկերուհուն՝ բա խփել եմ, բա ի՞նչ պիտի անեի, չխփեի»: Ի դեպ, տիկին Մեյթիխանյանն ասաց, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ ամուսնու օրգանիզմում ալկոհոլ չի եղել։ Նա նշեց, որ առայժմ բավարարված է նախաքննական մարմնի գործողություններով։ Նա նշեց, որ պատժի չափը որոշելու է դատարանը, հույս ունի, որ կկայացվի այնպիսի որոշում, որից իր ընտանիքն իրեն բավարարված կզգա. «Բայց որքան էլ պատժի չափը մեծ լինի, մի բան միայն կարող եմ հաստատ ասել, որ իմ ընտանիքը ցմահ չի կարող մոռանալ այդ վիշտը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս