Բաժիններ՝

«Նախարարությունն ամեն ինչ անելու է, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական քննությունները ՀՀ-ում վերանան». Լևոն Մկրտչյան

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փորձելու են պետական քննությունների համակարգից ձերբազատվել: Նրա խոսքով՝ պետք է պետական քննությունների ձևաչափը փոխել, և նախարարությունն ամեն ինչ անելու է, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական քննությունները ՀՀ-ում վերանան:

«Եթե կրեդիտային համակարգ է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտականը թեզի, դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհը, որպեսզի կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանելն է: Թող բուհերն ավարտականի մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մեկ հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում, պետական քննական հանձնաժողով է ձևավորվում, որի որակը դժվար է երաշխավորել, և, փաստորեն, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ:

Նախարարը նաև նշեց, որ բուհերի ռեկտորներին խնդրել են վարձավճարները հնարավորինս պահել նույնը` հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական վիճակը:

Նախարարի խոսքով՝ քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում առաջադիմության պատճառով որևէ երեխայի հեռացնել բուհից: «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Ինձ համար մեկ այլ կարևոր սկզբունք կա` պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա. ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա»,- ասաց նա՝ հավելելով, որ քննությունների վերահանձնումն ազդում է կրթության որակի վրա:

«Համալսարանը եթե ճիշտ ձևաչափ ունի, ձևավորում է անձեռնմխելի բյուջե, այդ բյուջեն տնօրինում է անկախ հաստատությունը, և համալսարանն օգտվում է այդ ֆոնդի եկամուտներից: Հիմա մենք փորձում ենք պահանջել, որ համալսարանները ձևավորեն այդ ֆոնդերը»,- պարզաբանեց նախարարը:

Նախարարը նաև խոսեց ոչ պետական համալսարանների կարևորության մասին. «Նման համալսարանի օրինակ է Ամերիկյան համալսարանը: Մենք պետք է կարողանանք համախմբել մասնավոր բուհերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս