«Մարդիկ, որոնք մանուկ հասակում երազել են գոնե հարևանի սամոկատը քշել, հիմա 100 հազարանոց մեքենաներով են պտտվում»». Վարդան Բոստանջյան

«Երկրի վիճակը վիճակ չէ, և հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր հնարավոր ու մինչև անգամ անհնար տեղերում քննարկում են 1000 դրամի հարցը»,- այս մասին aյսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով  զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձից գանձել 1000 դրամ։

«Ես կարծում եմ, որ իրեն հարգող ցանկացած երկրի համար սա չափազանց ամոթ բան է։ Ի՞նչ 1000 դրամի մասին է խոսքը։ Մեր հասարակությունը կարող է նվիրել իրեն բանակում գտնվող մարդկանց համար, սակայն երկիրը գտնվում է ծանր վիճակում, ունենք բազմաթիվ խնդիրներ, ու իշխանությունները ժողովրդին ասում են՝ փող տվեք զինվորին պահելու համար։ Ուղղակի ամոթ է, ես անձամբ ամաչում եմ այսպիսի քննարկումների մեջ հայտնվելու համար, որովհետև հասկանում եմ, որ սա արված է մտածված ձևով՝ նորից հիմարացնելու ժողովրդին, ապուշացնելու քննարկողներին և ընդհանրապես բոլոր խոցելի պահերը մի կողմ շպրտելու համար փուչ խոսակցություններ ձևավորելու համար։ Եթե այդքան հուզված էին, իմ կարծիքով՝ 100 հազար դոլարանոց մեքենաներն ավելի շատ են Պաշտպանության նախարարությունում, քան այնտեղ աշխատողների թիվը։

Թող սա զուգահեռեին, ասեին, որ այդ մեքենաները վերանում են։ Մարդիկ, որոնք մանուկ հասակում երազել են գոնե հարևանի սամոկատը քշել, հիմա 100 հազարանոց մեքենաներով են պտտվում»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ իշխանությունները, թողած իրենց գործառույթները, ասում են՝ ապրեք, ինչպես ուզում եք, և, եթե ուզում եք ապրել, բարի եղեք՝ յուրաքանչյուրդ 1000 դրամ տալ:

Ըստ նրա՝ բոլոր գողացողներին պետք է ասեին՝ ինչ տարել եք, գառի պես հետ տվեք, որպեսզի կարողանանք գոնե պահել այն երիտասարդների ընտանիքներին, որոնք իրենց կուրծքն են դեմ տալիս մեր անվտանգության, պաշտպանության համար։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ասաց, որ կիսում է այն նկատառումները, որ ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը, և այն, որ ով գողացել է, պետք է ետ վերադարձնի։ Նա նշեց, որ խոսքը ազգի՝ բանակին սիմվոլիկ մասնակցության մասին է։ «Ընդամենը պետական տուրքի գաղափարախոսությունն է։ Դրա համար ասում են՝ կապ չունի, թե որքան աշխատավարձ է ստանում անձը։ Ինձ համար զարմանալի է քննարկումը։ Սա պետության ցանկացած քաղաքացու մասնակցության խնդիրն է»,- ասաց նա՝ նշելով, որ սա ազգ-բանակ հասկացության իրականացման մեխանիզմներից մեկն է։

Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ ազգային տուրքի միջոցով Իսրայելի բանակը դարձել է ամենամարտունակ բանակներից մեկը տարածաշրջանում՝ ասելով. «Այսինքն՝ իշխանությունն ուզում է թողնի-գնա, մենք մեզ պահե՞նք»:

Վարդան Այվազյանն արձագանքեց՝ նշելով. «Իշխանությունը չի գնում, իշխանության միջի մարդիկ կարող են գնալ։ Ինչի դուք ուզում էիք գնա՞լ»։

«Ես երբ եմ եղել, որ գնամ»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը, ինչին Վարդան Այվազյանն արձագանքեց. «Օրվա կեսն իշխանություն էիք։ «Բարգավաճը» 4 տարի ու կես մեր հետ ախպերություն էր, ինչ-որ մոռացել եք»։

Տեսանյութեր

Լրահոս