Թրամփը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և 2012թ. ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին անձնական հանդիպում են ունեցել Նյու Յորքից ոչ հեռու գտնվող գոլֆ ակումբում, հայտնում է Associated Press-ը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայքլ Փենսն ու Թրամփի մի շարք օգնականները:
Ռոմնիի խոսքով՝ ինքն ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել նորընտիր նախագահի հետ անցկացնել նման «հիմնավոր» զրույց:
«Մենք բազմակողմ խոսակցություն ենք վարում, որը վերաբերում է աշխարհի տարբեր տարածաշրջաններին, որտեղ Միացյալ Նահանգներն ունի իր շահերը»,- նշել է նա:
Սակայն Ռոմնին չի պատասխանել հարցերին, թե արդյոք նրան առաջարկվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:
«Թրամփը, իր հերթին, հակիրճ բնութագրել է հանդիպումը՝ որպես «հիանալի», ինչից հետո հեռացել է:
Նշվում է, որ Ռոմնին դիտարկվում է որպես ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուներից մեկը: