«Բռնությունը չպետք է դառնա իշխանության և հասարակության փոխհարաբերությունների նորմ». Տիգրան Հակոբյան

Մի քանի ամիս է, ինչ տեղեկատվական հոսքերի օրակարգը թելադրում է նաև «Սասնա ծռերի» թեման։ Հուլիսյան դրամատիկ դեպքերի հանդեպ հանրային ուշադրությունը չի մարում, նույնիսկ այլ, շատ կարևոր իրադարձությունների ֆոնին։ Ինչո՞ւ զինված խմբավորման գործողությունները միանշանակ գնահատական չստացան հասարակության կողմից, ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բռնության հաճախակի արդարացումը, ո՞րն է տարբերությունը զինված ապստամբության և ահաբեկչության միջև։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։

– Այսօր էլ հուլիսյան դրամայի շուրջ հանրային սուր բանավեճը չի դադարում։ Հերոսնե՞ր էին այդ տղաները, թե՞ հանցագործներ, ընդունելի՞ են, թե՞ մերժելի պայքարի այդ մեթոդները, հնարավո՞ր է արդյոք զինված ապստամբության միջոցով լուծել մեր երկրի առջև կանգնած խնդիրները, և այլն։ Կարծես միանշանակ և բոլորի կողմից ընդունելի պատասխաններ մենք չունենք։

– Նախ` հասարակությունը դեռ չի ստացել մի շարք հարցերի պատասխանները. ինչպե՞ս ստացվեց, որ խոշոր զինված խմբավորմանը հաջողվեց գրավել մայրաքաղաքում տեղակայված ոստիկանական գունդը, ովքե՞ր են երեք ոստիկանների սպանության իրականացնողները, որո՞նք են հարձակման իրական (ոչ թե հռչակած) նպատակները, արդյոք այդ գործողությունները պատվիրատուներ ունե՞ն։ Որոշ հարցերի պատասխաններ միգուցե ստանանք դատավարության ընթացքում։ Երկրորդը` զինված խմբավորման գաղափարախոսներն ու մասնակիցներից մի քանիսը հանրային դեմքեր են, որոնց պայքարի մեթոդներն ընդունելի են հասարակության որոշ հատվածի համար։

Մեդիայի օգնությամբ «Սասնա ծռերի» թեման բավականին հմտորեն պահվում է ուշադրության կենտրոնում, պարբերաբար ստեղծվում են տեղեկատվական նոր առիթներ։ Ասենք, ձերբակալվածներից մեկն իր թեկնածությունն է առաջադրում ՏԻՄ ընտրություններում, վիրավորներից մեկի ոտքի բուժման հետ կապված «ֆլեշմոբեր» են կազմակերպվում, «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» կողմից մշակված «Ճանապարհային քարտեզ ու Սահմանադրական դրույթներ» անվամբ մի անհեթեթ փաստաթուղթ է հրապարակվում։

Պետք է նաև հաշվի առնենք, որ քաղաքացիների մի ստվար զանգված ընտրությունների ինստիտուտը չի համարում` որպես իշխանությունը փոխելու ճանապարհ, և հույսը դնում են հերթական «փրկիչների» վրա։ Այսինքն, այդ դեպքի հետ կապված անվերջ քննարկումների պատճառները շատ են, բոլորը չթվարկեմ։

– Բայց Ձեր կողմից որպես անհեթեթ որակավորված փաստաթուղթն իրենից ներկայացնում է երկրում քաղաքական և տնտեսական արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզ։

– Այո, արմատական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մեր երկրին։ Բայց տեսեք, թե ինչ են առաջարկում Սէֆիլյանն ու իր գաղափարակիցներն այդ Ճանապարհային քարտեզում։ Նրանք ներկա Հայաստանն անվանում են «հակապետություն», «չպետություն», որի իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն (այսինքն, առոչինչ են համարում Հայաստանի 25-ամյա պատմությունը)։ Նրանք մերժում են ընտրությունները` որպես պետության կայացման և ժողովրդավարության հիմնական ինստիտուտ։

Նրանք պատրաստվում են ղեկավարել երկիրը մի քանի հոգուց բաղկացած Խորհրդով (այսինք` խունտայով)։ Նրանց կողմից ձևավորված կառավարությունն «առաջին հերթին` կասեցնելու է ոռոգման ջրի վարձի, կարմիր գծերի, ճանապարհային երթևեկության տուգանքների և տույժերի, փոքր բիզնեսի հարկերի և տուգանքների ու տույժերի գանձման գործընթացը, ինչպես նաև ներելու է դրանց չվճարված գումարները» (այսինքն, առաջարկում են քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված «ռազմական կոմունիզմի», տնտեսական անարխիայի մոդելներ)։ Նրանք պատրաստվում են սկիզբ դնել «մարդկային երջանկության ապահովմանը կոչված հայրենի պետականությանը» (սա հնարավոր չի նույնիսկ մեկնաբանել` վերջին անգամ երջանիկ հասարակության ձևավորումն իրենց աշխատություններում խոստանում էին միջնադարյան ուտոպիստները)։ Չշարունակեմ։ Նման արխաիկ հակատնտեսական և հակաքաղաքական մոտեցումներով հնարավոր չի կառուցել մրցունակ, ուժեղ երկիր։

Հակառակը` պետության այդպիսի մոդելի տեսլականի կրողներն իշխանությունը զավթելուց հետո քանդում են պետության հիմքերը։

– Հուլիսին Դուք ՊՊԾ գնդի գրավումը որակեցիք` որպես ահաբեկչություն, զուգահեռներ անցկացրեցիք հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Սակայն և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ իշխանությունները, կարծես, խուսափեցին այդպիսի գնահատականներից։ Որոշ գործիչներ Ձեզ նույնիսկ մեղադրեցին իրավիճակը սրելու, իշխանությանն առիթ տալու ուժային գործողություններ իրականացնել զինյալների նկատմամբ։ Ի՞նչն էր Ձեր կոշտ գնահատականների պատճառը։

– Իմ համեստ հնարարավորությունները կամ ցանկությունը` ուղղորդել իշխանությունների գործողությունները, խիստ չափազանցված էին։ Իսկ ահաբեկչության իրավական սահմանումները ես չեմ ձևակերպել, և այդ սահմանումների համաձայն` կատարվածը, կրկնում եմ, ահաբեկչություն էր։ Այլ խնդիր է, որ իշխանությունները, մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ տարբեր պատճառներով խուսափում էին կատարվածն ահաբեկչություն որակել։

Իշխանության պարագայում, կարծում եմ, պատճառն իրենց հանդեպ վստահության բացակայությունն էր, կոշտ գործողություններից իշխանությունների խուսափելու և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու ցանկությունը (մարտի
1-ի ողբերգությունից հետո շատ դժվար է ուժային կոշտ լուծումների պատասխանատվություն ստանձնել)։ Քաղաքական ուժերն իրենց հաշվարկներն էին անում, փորձում էին դիվիդենտներ շահել։ Հասկանալի էր նաև հասարակության զգալի մասի արձագանքը` մարդիկ այդպիսով իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրում տիրող իրավիճակից, նաև փորձում էին կանխել սպասվող արյունահեղությունը։ Հիմնականում դա էր պատճառը, որ քաղաքացիները հավաքվում էին գրավված գնդի մոտակայքում։ Հավաքվածների մեծամասնությունը չէր կիսում զինյալների պայքարի մեթոդները, բայց ցանկանում էր փրկել երիտասարդների կյանքը։

Նաև չպիտի մոռանանք, որ մեր հասարակությունը հակված է արդարացնել քաղաքական բռնությունները, եթե այդպիսիք կատարվում են «ազգի թշնամիների» հանդեպ «ազգի հերոսների կողմից»։ Պատճառները մեր պատմության մեջ են։ Մասնավորապես, տասնամյակներ շարունակ հայերի կողմից քաղաքական բռնություններն ուղղված էին Եղեռնի կազմակերպիչների, Թուրքիայի պաշտոնյաների դեմ, և դա դիտվում էր` որպես վրեժխնդրություն, արդարության վերականգնում։ ԱՍՍԱԼԱ-ի և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող, այսպես կոչված, «էթնիկ ահաբեկչությունն» ազգային-ազատագրական պայքարի բաղադրիչ մասն էր, որի նպատակներից էր` աշխարհի ուշադրության կենտրոնում պահել «Հայկական հարցը»։

Բայց հետո տեսեք` ինչ ստացվեց. Հայաստանի նորագույն պատմության մեջ և՛ «Դրոյի», և՛ «Հոկտեմբերի 27»-ի և՛ «Սասնա ծռեր» խմբերի անդամները նույնպես հայեր էին, բայց զինված պայքարի նպատակն արդեն Հայաստանի ներքին խնդիրների լուծումն էր, իսկ թիրախները` սեփական երկիրը և այդ երկրի քաղաքացիները։ Եվ այս ձևափոխումը անտեսվեց էլիտաների կողմից, հին կարծրատիպերը թույլ չտվեցին տեսնել և հասկանալ «ազգային ազատագրական պայքար» եզրույթը ներպետական դաշտ տեղափոխման, քո երկրի քաղաքացուն ազգի թշնամի որակման վտանգները։

– Սակայն մարտի 1-ին ևս բռնության թիրախը քո երկրի քաղաքացին էր, և իշխանությունների բիրտ ուժի կիրառման արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ։

– Այո, և դա ևս անթույլատրելի էր։ «Մարտի 1»-ն անդառնալի հետք թողեց մեր հիշողության, գիտակցության մեջ, ցասման հուժկու ալիք բարձրացրեց, այն չներվեց։ Ինձ շատ է զարմացնում, երբ բազմաթիվ գործիչներ, որոնք դատապարտում էին մարտի 1-ի սպանդը, փորձում են արդարացնել «Սասնա ծռերի» գործողությունները։ Բայց ամենազավեշտալին այն է, որ ծռերի ամենաեռանդուն պաշտպաններն իբր ազատական արժեքներ կրող քաղաքական ուժի մի շարք անդամներն են։

Հանցանք է, երբ պետությունը բռնություն է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացիները պետք է պայքարեն պետության կողմից բռնություն կիրառելու դեմ, այլ ոչ թե բռնությունը դարձնեն իշխանության և ընդդիմության, պետության և հասարակության փոխհարաբերությունների նորմ։ Ցավում եմ, որ այդ դասական ճշմարտությունը չեն հասկանում բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ։ Իսկ եթե նրանք չեն հասկանում` ի՞նչ կարող ենք պահանջել շարքային քաղաքացուց։

Ինձ համար բացարձակ ճշմարտություն է այն, որ ազատությունը քո սեփական երկրում չի հաստատվում բռնության, ատելության, արյունահեղության միջոցով։

– Մենք սովոր ենք ահաբեկչություն համարել առանձնակի դաժանությամբ իրականացված ակցիաները` պայթյուններ և գնդակահարություններ մարդաշատ վայրերում, ինչը մենք տեսնում էինք Նյու Յորքում, Փարիզում, Իրաքում, Պակիստանում, տասնյակ այլ երկրներում։ Հուլիսին, կարծես, այլ իրավիճակ էր, մարդիկ ընդվզեցին երկրում տիրող անարդարության դեմ։ Ուրեմն, ինչո՞ւ ահաբեկչություն, այլ ոչ թե` ապստամբություն, ինչո՞ւ ահաբեկիչներ, այլ ոչ թե` ապստամբներ։

– Հենց այս մանիպուլյատիվ հնարքներն են օգտագործվում մարդկանց մոլորեցնելու համար` հանցագործները հերոս են հռչակվում, փոքրաթիվ խմբերի արկածախնդրությունը` ժողովրդական ընդվզում։ Խնդրեմ, կարող ենք օգտագործել «ապստամբ» բառը, բայց դա ոչինչ չի փոխում։ Ապստամբներ են կոչվում FARC-ի զինյալները` Կոլումբիայում, Բոկո Հարամի ֆունդամենտալիստները` Նիգերիայում, Թամիլ Իլամայի անդամները` Շրի Լանկայում, տասնյակ այլ երկրներում իշխանությունների դեմ պայքարող զինված խմբավորումների անդամները։ Բոլորի հռչակած նպատակները սոցիալական արդարության հասարակության կառուցելն է, երջանկության շնորհելը յուրաքանչյուր քաղաքացուն։ Սակայն, որպես իրենց պայքարի արդյունք` հարյուր-հազարավոր զոհեր, անհանդուրժողականություն, քանդված տնտեսություն։

Հիշեցնեմ, որ առաջին անգամ Ժիրայր Սէֆիլյանը (այն ժամանակ նա «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնության համակարգողն էր) ձերբակալվեց ուղիղ 10 տարի առաջ` 2006թ. դեկտեմբերին` ինչ-որ համաժողովում հնչեցրած ելույթների համար։ Այն ժամանակ ես ծավալուն հարցազրույց տվեցի հենց ձեր թերթին։ Մասնավորապես, ասել էի, որ բռնության կոչերն ուշ թե շուտ արյունահեղության են բերում, եթե նման կոչերը համապատասխան գնահատական և հակադարձ չեն ստանում։ Եվ այն ժամանակ էլ որոշ գործիչների կողմից գամվեցի «անարգանքի սյունին»։ Խնդրեմ, 10 տարի հետո ունեցանք զինված հարձակում, իրավիճակի ապակայունացում, փոխադարձ բռնություններ, տասնյակ վիրավորներ և երեք սպանված Հայաստանի քաղաքացի։

Ռեժիմ փոխելու այլ միջոց, քան քաղաքական պայքարն է` չկա։ Ժողովրդավարական բարեփոխումները հնարավոր են միայն խաղաղ ճանապարհով, ցանկալի է` ընտրությունների միջոցով, ինչքան անարդար և գռեհիկ այդ ընտրություններն այսօր չլինեն։ Եթե չի ստացվում ընտրությունների միջոցով` պայքարի այլ ձևեր կան` քաղաքացիական անհնազանդություն, հանրահավաքներ, իշխանության վրա ճնշման այլ եղանակներ։ Բայց ոչ զենք, արյուն, բռնություն։

Զինված ապստամբությամբ, արյունալի խռովությամբ այդ զինված «նվիրյալները» չեն կարող հաղթահարել այսօրվա քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ Հազար անգամ ասված է և ապացուցված տարբեր երկրների օրինակով` զենքով ժողովրդավարություն չի հաստատվում։ Չկան այդպիսի օրինակներ, չկան։ Զենքով ու բռնությամբ իշխանության եկածը նույն զենքով և բռնությամբ պաշտպանելու է իր իշխանությունը` իր երջանկության հասնելու «առաքելությունն» ավարտելու համար։ Պաշտպանվելու է ավելի «նվիրյալներից», որոնք նախադեպից ոգևորված` փորձելու են զենքի ուժով տապալել երկրի ղեկավրաման ղեկը վերցնելու արդեն հաջորդ օրը հանցավոր դարձած իշխանությունը։

Տեսանյութեր

Լրահոս