«Եթե մակարոն ուտող քաղաքացուն հարցնեք՝ ի՞նչ է իր համար 1000 դրամը, ինքը կասի՝ իր համար դա քանի կիլոգրամ մակարոն է»
«Կուզեի, որ չտարանջատեինք. խաղաղ ժամանակ տուժած զինվորին և նրա ընտանիքին էլ պետք է փոխհատուցում տրվի»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Հ. Բիշարյանի խոսքով՝ վստահություն չկա ո՛չ հիմնադրամների, ո՛չ իշխանությունների նկատմամբ:
«Ինչո՞ւ պետք է վստահեն մի հիմնադրամի, որն այստեղ ամրագրել է հոդվածներ, որ ինչ գործառույթ ասես՝ իր վրա վերցրել է։ Ես եթե որպես քաղաքացի՝ վճարում եմ 1000 դրամ, ես պետք է տեսնեմ, որ իմ հացի փողից կտրած գումարը գնում է ուղիղ հիմնադրամ, որտեղից ուղիղ գնում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու։ Այստեղ միլիոն հատ գործառույթ եք գրել, ես ինչո՞ւ պետք է հավատամ։ Եթե մակարոն ուտող քաղաքացուն հարցնեք՝ ի՞նչ է իր համար 1000 դրամը, ինքը կասի, թե իր համար դա քանի կիլոգրամ մակարոն է։ Որևէ մեկը դեմ չէ, որ այս օրենքը կյանքի կոչեն, բայց արդյունքում՝ մենք ստեղծում ենք մի կառույց, որն ի սկզբանե անհավատության փաատաթուղթ է»,- ասաց նա։
Ի պատասխան՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ միանշանակ կիսում է մտահոգությունը, որ բոլոր զինածառայողների սոցիալական ապահովության խնդիրները պետք է լուծվեն.
«Սա, կարծում եմ, գերակայություն է, այլ խնդիր է՝ ո՞րն է ճանապարհը։ Կառավարությունը հիմա առաջարկում է մի համակարգ, որտեղ առանձնացված են որպես շահառուներ այն զինածառայողները, որոնք զոհվել են, կամ նրանց առողջությանը վնաս է հասցվել պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում, մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ, հակառակորդի հետ շփման գծում և հատուկ առաջադրանքներ կատարելիս։ Ես տեսնում եմ, որ ամբողջապես արդարացված չէ նման տարբերակում ունենալը, բայց մենք պետք է նաև պարզ հաշվարկ իրականացնենք, ինչքանո՞վ են հավաքագրվող միջոցները բավարարելու խնդիրների լուծման համար։ Այդ առումով մենք այսօր առաջին քայլն ենք անում, ես վստահ եմ՝ հավաքագրվող միջոցների ընդլայնումով կարող է շահառուների շրջանակը մեծացնենք»։
Անդրադառնալով հիմնադրամի գործառույթներին՝ Կ. Նահապետյանն ասաց, որ բոլոր գործառույթները, որոնք վերապահված են հիմնադրամին, ուղղված են լինելու հիմնադրամի պատասխանատվության բարձրացմանը, նաև առավել միջոցների հավաքագրմանը։